Հայոց ցեղասպանության նյութական կորուստների մերօրյա հաշվարկ. ՀՊՏՀ-ում կայացավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1186

ՀՊՏՀ  մեծ դահլիճում այսօր կայացավ  բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դեկաններ, ուսանողներ:

Գրքի հրատարակումը հերթականն էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում, որոնք իրականացվում են ՀԵՀ-ի հետ համատեղ: «Հատուցման գինը» գրքի հեղինակը ՀՊՏՀ ասպիրանտ, ՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանն է: Գրքի ծանոթագրությունում նշվում է, որ այն պատմատնտեսագիտական վերլուծություն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին:

Միջոցառման սկզբում հանդիսավար Վիգեն Հարությունյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՈւԽ միջոցառումներից մեկն էլ Վիքիպեդիան Ցեղասպանությանն առնչվող հայկական հոդվածներով հարստացնելն էր: Վիքիպեդիայում  ՈւԽ կողմից ավելացված մասնագիտական (տնտեսագիտական վերլուծություններ) տեղեկատվական  հոդվածները ներկայացրեց «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Զավեն Խուկեյանը: Այնուհետև ցուցադրվեց ֆիլմ, որը պատմական անդրադարձ էր Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին, ինչի անդրադարձը հենց նորընծա գիրքն է:

Հաջորդիվ ելույթ ունեցավ հեղինակ Հայկ Բեջանյանը՝ նշելով, որ գրքում ներկայացված պատմատնտեսագիտական վերլուծությունը կատարվել է առկա պատմական փաստերի հիման վրա: Հեղինակի կողմից կարևորվեց հայ երիտասարդության հետևողականությունը, պահանջատիրությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում: Հայկ Բեջանյանը հույս հայտնեց, որ հրատարակությունն իր ավանդը կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացում, ապա ելույթն ավարտեց լավատեսական ու հաղթական տրամադրությամբ՝ մեջբերելով  Մովսես Գորգիսյանի «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու» խոսքերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Կարեն Ավագյանը՝ շեշտելով, որ ամեն անգամ մեծ ուրախություն է ապրում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումներին մասնակցելիս, որովհետև այն փորձում է իրականություն դարձնել այն նախաձեռնությունները, որոնք դեռ չեն իրականացվել: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ՀԵՀ-ն այս տարիներին միշտ եղել է ուսանողների նախաձեռնությունների կողքին, իսկ այս տարի հատուկ կարևորում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:

ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն իր խոսքում  նշեց՝  հպարտ է, որ աշխատում է մի համալսարանում, որտեղ ուսանողները կարող են հանդես գալ նման նախաձեռնություններով: Պրոռեկտորը հորդորեց, որ ՈւԽ-ն շարունակի իր փայլուն գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն միշտ իր բարձր տեղը կունենա ուսանողական և երիտասարդական դաշտում:

ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանն իր ելույթում ամփոփ ներկայացրեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված իրենց կողմից իրականացված միջոցառումները: «Մեր նպատակն է ցույց տալ, որ մենք պահանջ ունենք և սպասում ենք հատուցմանը», -ելույթում նշեց ՈւԽ նախագահը:

Միջոցառման ավարտին երախտագիտության խոսք ասացին օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը: Նրանք հպարտորեն ողջունեցին իրենց ուսանողների նախաձեռնությունը, գովեստի խոսքեր  ասելով ուսանող, այժմ՝ ասպիրանտ Հայկ Բեջանյանի հասցեին: Լուսինե Կարագուլյանը համոզմունք հայտնեց, որ նման փայլուն երիտասարդությամբ մեր երկրին նոր հաջողություններ են սպասվում, իսկ Արամ Սարգսյանը խոսեց գործնական հայրենասիրության կարևորության մասին՝ նման կոչ ուղղելով ուսանողներին:

Շնորհավորում ենք  ՈւԽ-ին, հատկապես հեղինակ Հայկ Բեջանյանին ՝ գրքի շնորհանդեսի առիթով, մաղթում ենք նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին