Ուսանողներին ներկայացվեց «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցները՝ աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի ղեկավար Աստղիկ Հովհաննիսյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Կիրակոսյանը, ուսանողներին ներկայացրեցին «ԱրմենՏել»-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը»:
Հասմիկ Կիրակոսյանը շնորհանդեսի միջոցով ուսանողներին տեղեկացրեց ընկերության կողմից առաջարկվող ստաժավորման ծրագրի էության, փուլերի, պայմանների, առավելությունների, դիմելու կարգի մասին: Նրա խոսքով՝ սույն ծրագիրը հնարավորություն է տալիս 3-րդ կուրսից բարձր ուսանողներին, բակալավրիատի և մագիստրատուրայի նորավարտներին հեշտությամբ համալրել ընկերության աշխատակիցների շարքերը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի ղեկավար Աստղիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ընկերության և ՀՊՏՀ համագործակցությունը բավականին ակտիվ է. ՀՊՏՀ տարբեր տարիների շրջանավարտներ այժմ ընկերության լավագույն աշխատակիցների շարքերում են:
«Մեր նպատակն է աջակցել ակտիվ, նախաձեռնող, կրեատիվ ուսանողներին իրենց կարիերան սկսելու գործում: Տնտեսագիտական համալսարանի պատրաստած մասնագետներից շատերը այժմ մեր ընկերությունում հմուտ աշխատակիցներ են: Նշեմ, որ «3-րդ սերունդ» ծրագիրը բավականին ճկուն է, այն հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղել աշխատանքը ուսման հետ»,-ասաց ընկերության աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի ղեկավարը:
Նշենք, որ այսօրվա հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, մասնակից ուսանողները հիմնականում մարքեթինգի ֆակուլտետից էին:
Հանդիպման ավարտին ուսանողները գործատուին հանձնեցին իրենց կոնտակտները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին