ՀՊՏՀ-ն՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի մասնակից
Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 11-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցները, միանալով այս նախաձեռնությանը, այսօր առավոտից մաքրման աշխատանքներ են իրականացնում բուհի բակում, համալսարանի հարակից տարածքներում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը նշեց, որ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օրվա շրջանակներում մեր բուհի աշխատակիցները մաքրում են ՀՊՏՀ մասնաշենքերին հարակից բակային տարածքները, Օղակաձև զբոսայգին, Նալբանդյան, Խանջյան փողոցներին հարող տարածքները:
«Նախատեսվում է մասնակցել նաև ծառատունկին. ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ՀՊՏՀ տասնյակ ուսանողներ Ծիծեռնակաբերդում կմասնակցեն ծառատունկին»,-ասաց Միխաիլ Կարապետյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ մեր բուհի 50 ուսանող մասնակցել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:
Մենք զրուցեցինք նաև ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ դասերի ավարտից հետո ՝ ժամը 14.00-ից, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ կսկսվեն Զեյթունում գտնվող տվյալ ֆակուլտետի մասնաշենքի բակի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին