ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի և «Նորավանք» ԳԿՀ-ի փորձագետները քննարկել են համատեղ իրականացվող հետազոտության արդյունքները

Դիտումների քանակ՝ 1443

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, համատեղ իրականացվող հետազոտության արդյունքները ամփոփելու նպատակով, երեկ տեղի է ունեցել սեմինար՝ «Հայաստանի վերլուծական կենտրոնները» խորագրով։ Քննարկմանը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն էին ներկայացնում տնօրեն Սամվել Ավետիսյանը,  կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը, նույն ծրագրի կրտսեր փորձագետ Շուշան Մովսիսյանը, ինչպես նաև նույն ծրագրի հետազոտության մեջ ընդգրկված ՀՊՏՀ աշխատակիցներ Սոֆյա Օհանյանը և Արփինե Մալքջյանը: Սեմինարին մասնակցում էր «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի կայքից, զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Վերանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնից Սոֆյա Օհանյանը և «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Լիլիթ Մարգարյանը։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակից Սոֆյա Օհանյանը ներկայացրեց Հայաստանի բուհական-ակադեմիական շրջանակներում գործող վերլուծական կենտրոնների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ նշելով այդ կենտրոնների աշխատակազմերի, հետազոտությունների ռազմավարական առաջնահերթությունների, հրապարակումների, գիտաժողովների, գործընկերների վերաբերյալ տվյալներ։

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Վերանյանը ներկայացրեց Հայաստանի վերլուծական կենտրոնների վերաբերյալ մշակված տեղեկատվության մանրակրկիտ վերլուծություն, դիտարկվեցին կենտրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության հիմնական առանձնահատկություններն ու հիմնախնդիրները, ինչպես նաև կենտրոնների կողմից իրականացվող թեմատիկ հետազոտական ուղղությունների բնութագիրը։ Անդրադարձ եղավ վերջին շրջանում Հայաստանում գործող վերլուծական հանրության գործունեության նոր միտումներին՝ պայմանավորված տարածաշրջանային և միջազգային քաղաքական զարգացումներով։

Փորձագետ Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում գործող միջազգային տարբեր կազմակերպությունների դուստր կենտրոնների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ հիմնական շեշտադրումները կատարելով այդ կենտրոնների կողմից իրականացվող գործունեության հետազոտական ուղղությունների, ռեսուրսների և առկա հիմնախնդիրների վրա։

Հիշեցնենք, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հայաստանյան գործընկերներից է: 2014թ. նոյեմբերի 4-ին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով՝ http://goo.gl/Ml4zwI:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին