Տնտեսության և հասարակության զարգացման հիմնախնդիրների քննարկում՝ նոր ձևաչափով. մեկնարկեցին կլոր սեղանները
«Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի աշխատանքը մինչև դեկտեմբերի 1-ը կշարունակվի կլոր սեղանների ձևաչափով: Մասնագիտական քննարկումները մեկնարկեցին այսօր և առաջին հանդիպումը «Պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն, ֆինանսական կարգավորում և տնտեսական աճ» թեմայով էր, համակարգում էր «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը:
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարները, «Ամբերդ»-ի հետազոտողները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ասպիրանտներ, ուսանողներ: Հատուկ հրավերով այսօր քննարկմանը ներկա էր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:
Բացման խոսքում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համալսարանի այս տարվա գիտաժողովը տարբերվում էր իր ձևաչափով՝ լայն հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ծավալելու քննարկումներ մասնագիտական հրատապ հարցերի շուրջ: Գագիկ Վարդանյանը հույս հայտնեց, որ այս մոտեցումը պետք է ոգևորի և ավելի ինտենսիվացնի գիտական գործունեությունը ՀՊՏՀ-ում: «Տնտեսագիտական հետազոտությունների տեսանկյունից մենք պետք է մեր ձեռագիրը ստեղծենք, և այս առումով որոշակի քայլեր արդեն իսկ արվում են, ինչի վկայությունը մեր գիտնականների մասնակցությունն է համապետական քննարկումներին»,- նշեց պրոռեկտորը՝ ակնկալելով, որ կլոր սեղանները վեր կհանեն մեր մասնագիտական և ակադեմիական մոտեցումները:
Այսօրվա քննարկվելիք հարցերը ներկայացրեց և դրանց հրատապության մասին խոսեց Աշոտ Մաթևոսյանը, այնուհետև վերոնշյալ գիտաուսումնական լաբորատորիայի ներկայացուցիչները զեկուցեցին հետևյալ հարցերի շուրջ. պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականության գնահատման տեսությունների համեմատական ուսումնասիրություն, պարբերաշրջանային մակրոտնտեսական ծրագրերի գնահատման մեթոդաբանության համեմատական վերլուծություն, ՀՀ-ում պարբերաշրջանային մակրոտնտեսական կարգավորման գնահատման առաջարկվող մոտեցում, ՀՀ մարզային կտրվածքով պարբերաշրջանային մակրոտնտեսական կարգավորման գնահատման առաջարկվող մոտեցում, պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն և ֆինանսական կարգավորում, պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն և տնտեսական աճի փոխկապվածությունը:
Զեկուցողներն ունկնդիրների ուշադրությունը հրավիրեցին ՀՀ-ի համար գնահատման առաջարկվող մոտեցումների, իրենց կողմից մշակված մոդելների և վերոնշյալ հարցերի շրջանակում կատարված այլ առաջարկությունների վրա: Բանախոսություններին հաջորդեցին հարցադրումներն ու նկատառումները. ելույթ ունեցան Վահագն Գրիգորյանը, Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար Կարեն Գրիգորյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի համակարգող Սամվել Ավետիսյանը և այլք՝ ձևավորելով մասնագիտական բանավիճային հարթակ:
Հավելենք, որ նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ին և դեկտեմբերի 1-ին կայանալիք կլոր սեղաններում ևս կքննարկվեն տնտեսության և հասարակության զարգացման հիմնախնդիրներին նվիրված հարցեր, կներկայացվեն մասնագիտական ուսումնասիրություններ և վերլուծություններ: Կլոր սեղանների սկիզբը ժամը 14.00-ին է:, միջազգային ծրագրերի կենտրոնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին