ՀՊՏՀ գիտնականները որպես փորձագետներ մասնակցում են խորհրդարանական լսումներին

Դիտումների քանակ՝ 4118

ՀՊՏՀ, ինչպես նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտնականները, որ ակտիվորեն ներգրավված են համապետական տնտեսական նախագծերի շուրջ քննարկումներում, այսօր մասնակցում են խորհրդարանական լսումներին: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում այսօր մեկնարկել են «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 21-ին մեր համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրել էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և խորհրդարանի նշված հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ վավերացնելով համագործակցություն, որով ՀՊՏՀ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական և խորհրդատվական գործընկեր: Ըստ այդմ՝ կողմերը նպատակ են հետապնդում տնտեսական քաղաքականության մշակման գործում օգտագործել  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին օրենքով վերապահված դերակատարումը և երկխոսություն ձևավորել տնտեսագիտական հանրույթի, քաղաքացիական ներկայացուցիչների և տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների միջև: Այսպիսով՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հանդես է գալիս որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին