ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  ապրիլի 7-ից մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել են մեր բուհի շարունակական և լրացուցիչ  կրթության կենտրոնի կողմից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սույն թվականին հայտարարված քաղծառայողների վերապատրաստման մրցույթում ՀՊՏՀ-ն «Համակարգչային հմտություններ» ծրագրի հաղթող է ճանաչվել: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ մեր բուհում  երեկ մեկնարկած վերապատրաստման դասընթացները մի քանի   փուլերով կընթանան  մինչև դեկտեմբեր: Այժմ առաջին փուլն է, որը կտևի ապրիլի 7-17-ը. այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը:

ՀՊՏՀ-ում ընթացող դասընթացներին մասնակցում են տարբեր նախարարությունների, գերատեսչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող  անձինք: Ծրագիրը  ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարչական հմտություններին, ՀՀ Սահմանադրության ու քաղծառայության առնչվող օրենքների փոփոխություններին և լրացումներին առնչվող դասընթացներ:

Ինչպես նշեց Աիդա Առուստամյանը՝ դասավանդում են համապատասխան ոլորտների    փորձառու մասնագետներ, դասախոսներ՝ թե' մեր բուհից, թե' տարբեր գերատեսչություններից հրավիրված:

Նշենք, որ դասընթացները մեկնարկում են առավոտյան՝ 9.30-ից և անցկացվում են 30 հոգուց բաղկացած խմբերով:  ՀՊՏՀ-ում վերապատրաստվող քաղծառայողների ընդհանուր թիվը 200-ից ավելի է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին