«Մրցակցային միջավայրի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում». ՀՊՏՀ-ում ստեղծվում է քննարկումների յուրատեսակ հարթակ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ «Մրցակցային միջավայրի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտական սեմինար-քննարկում, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրության գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ: Այսօրվա քննարկմանը հատուկ հրավերով ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը: Սեմինարը կազմակերպվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ:
Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով ստեղծվում է հարթակ, և այս միջոցառումը առաջին, մեկնարկային հանդիպումն է: Ռեկտորը հույս հայտնեց, որ նախատեսվող քննարկումները հնարավորություն կտան տնտեսական տարբեր խնդիրների շուրջ եզրահանգումներ անելու:
Ներկաներին ողջունեց նաև պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով կարևորելով քննարկումների հարթակի ստեղծումը, նշեց, որ տնտեսագիտական մտքի կենտրոնը՝ ՀՊՏՀ-ն, չպետք է անմասն մնա երկրի տնտեսությանն առնչվող կարևոր իրադարձություններից: Այս առումով ողջունվեց քննարկումներ կազմակերպելու նախաձեռնությունը: Միքայել Մելքումյանը , ով սեմինարի վարողն էր , ողջույնի խոսքից հետո խոսքը փոխանցեց զեկուցող, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Առաքելյանին:
Բանախոսը «Մրցակցային միջավայրի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում» զեկուցմամբ անդրադարձավ մրցակցության էությանը, մենաշնորհներին, տնտեսական մրցակցությանն առնչվող օրենքներին: Զեկուցման ընթացքում մասնավորապես, ներկայացվեց մեր երկրի մրցակցային միջավայրի իրավիճակի գնահատումը. կատարվեց պարենային, ոչ պարենային ապրանքաշուկաների համակենտրոնացման գնահատում, խոսվեց տնտեսական մրցակցություն և ՓՄՁ փոխհարաբերությունների մասին:
Զեկուցման ավարտին բանախոսը քննարկման ներկայացրեց մի շարք առաջարկներ, որոնցից մեկն , օրինակ, այսպիսին էր՝ վերափոխել գերիշխող դիրք ունեցող և մենաշնորհ դիրք ունեցող համարվող ընկերությունների սահմանման եզրերը:
Զեկուցման ավարտից հետո հնչեցին տարբեր տեսակետներ, կարծիքներ, առաջարկներ, հարցադրումներ, ծավալվեց քննարկում:
Ելույթով հանդես եկավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը՝ մեկնաբանելով իրենց հանձնաժողովի գործունեության որոշ ասպեկտներ, մասնավորապես շեշտելով, որ ՏՄՊՊՀ հիմնական անելիք համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությունն ու շուկաներում մուտքի խոչընդոտների բացահայտումն է, խոսեց բարձրացված խնդիրների մասին, ներկայացրեց իրենց մոտեցումները:
Եզրափակելով քննարկումը՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Այս քննարկումների հարթակի ստեղծման հիմնական նպատակը հետևյալն է՝ Տնտեսագիտական համալսարանը պետք է իր մոտեցումներով, հետազոտություններով և առաջարկներով պիտանի լինի Կառավարությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է խոսք ունենանք ասելու, այսինքն՝ պետք է ունենանք տնտեսության զարգացման մեր ճանապարհային քարտեզը»:
Քննարկման նախաձեռնող՝ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրության գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, բարձր գնահատեց թեմայի շուրջ անցկացված քննարկումը՝ շեշտելով, որ նպատակ կա այս նոր հարթակը կայացնել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին