Նոր նախաձեռնություն՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից. ամփոփում ենք մարտ ամիսը՝ ՀՊՏՀ-ում
Հարգելի ՀՊՏՀ-ականներ, սիրելի ընթերցողներ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ լրատվության նոր ձևաչափով ամփոփելով նախորդ ամսվա ուշագրավ իրադարձությունները ՀՊՏՀ-ում:
Այսուհետ յուրաքանչյուր ամսվա սկզբին մեկ նյութով կամփոփենք մեր համալսարանի՝ նախորդ ամսվա ընթացքում կայացած խոշոր և նշանակալի իրադարձությունները, որոնք կարող են վերաբերել համալսարանական կյանքի բոլոր ոլորտներին՝ կրթություն, գիտություն, ուսումնական գործընթաց, միջազգային կապեր, ուսանողական կյանք, մշակույթ, ազատ ժամանց, սպորտ: Հուսով ենք, որ հատկապես հագեցած ամիսներին մեր մոտեցումը տեղին կլինի՝ հնարավորություն ընձեռելով մեր նյութի շրջանակներում վերհիշելու անցնող ամսվա հիմնական անցուդարձը:
Այսպիսով.
- Մարտ ամիսը ՀՊՏՀ առաջին կուրսեցիների համար սկսվեց հաճելի և բարի լուրով.
մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքների հիման վրա ՀՊՏՀ 113 ուսանող (այդ թվում՝ 8-ը Եղեգնաձորի, 4-ը Գյումրու մասնաճյուղերից) արժանացավ ուսման վարձի մասնակի փոխհատուցման: Մարտի 4-ին ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը բուհի մեծ դահլիճում 1-ին կուրսեցիներին հանձնեց կրթաթոշակի հավաստագրերը:
-
Մարտի 4-ին Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան»
մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում և արժանացավ «Հայկյան» մրցանակի ու հավաստագրի: ՈւԽ ներկայացուցիչներին ընդունեց և շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: - Նախորդ ամիս ազդարարվեց «Անգլախոսների ակումբ»-ի հիմնադրման մասին, որը համախմբում է անգլերենի իմացության բարձր մակարդակ ունեցող մեր բուհի ուսանողներին: Գործունեության մեկնարկը տրվեց մարտի 6-ին կայացած միջոցառմամբ. ՀՊՏՀ-ականների հյուրը ՀՀ ԿԲ ներկայացուցիչն էր:
- Մարտ ամսվա ընթացքում կայացան 2014-2015 ուստարվա ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի 2-րդ միջանկյալ հաշվետվությունները: Սեմինարների ընթացքում բոլոր՝ 8 գիտաուսումնական խմբերը ներկայացրեցին իրենց ընթացիկ աշխատանքները:
- Մարտի 14-ին մեկնարկեցին ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերը: ՀՊՏՀ-ականները մինչև այժմ կայացած 2 թիմային առաջնություններում էլ զբաղեցրել են 2 մրցանակային տեղ:
- Մարտի 17-ին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Մեկնարկը տրվեց «ԱՍԱԼԱ»-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) լեգենդար մարտիկների հետ ՀՊՏՀ-ում հանդիպմամբ:
- Մարտի 18-ին Տնտեսագիտականը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալեց մի խումբ դպրոցականների, որոնց մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ներկայացրեցին ՀՊՏՀ-ն, կրթական ծրագրերը, համալսարանական կյանքը:
- Մարտի 19-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը հանդես եկավ «Եվրասիական ինտեգրման զարգացման և ԵՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման հեռանկարները» թեմայով դասախոսությամբ:
- Մարտի 27-ին ՀՊՏՀ-ում «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:
- Մարտի 27-ին ՈւԽ նախաձեռնությամբ մեկնարկեց ուսանողական ժամանցային նոր նախագիծ՝ «ՀՊՏՀ դուետ»: Նախագծի շրջանակում մեր ուսանողները համերգային ելույթներ կունենան դուետներով:
- Մարտի 31-ին ՀՊՏՀ-ում կայացավ միջազգային գիտագործնական սեմինար՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրացման հեռանկարները. հայացք Հայաստանից» խորագրով: Մեր բուհում հյուրընկալվել էին ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտից, ՀՀ պետական կառույցներից, հետազոտական և գործարար շրջանակներից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին