Միջմշակութային երկխոսություն. հանդես եկավ «Սոքութ» համույթը

Դիտումների քանակ՝ 1498

Այսօր ՀՊՏՀ հանդիսությունների սրահում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ տեղի ունեցավ իրանական ազգային նվագարանների «Սոքութ» (թարգմանաբար՝ լռություն) համույթի համերգը: Մշակութային այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին համալսարանի դեկանները, ուսանողներն և պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները:

Մինչ համերգը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի թարգմանիչ և խորհրդատու Գևորգ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ համերգը իրանական Նովրուզի, այսինքն՝ գարնանամուտի, նոր տարվա տոնի շրջանակներում միջմշակութային երկխոսություն է:

«Երեկ համույթը համերգ ունեցավ «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում, վաղը ելույթ կունենա Օշականի մշակույթի կենտրոնում: Համույթում ժողովրդական գործիքներ են` դափ, թմբուկ, սանթուր, ինչպես նաև ջութակ, կատարելու են Իրանի տարբեր գավառների ժողովրդական երգեր», - ասաց Գևորգ Աբրահամյանը:

Համերգի սկզբին համույթի գեղարվեստական ղեկավար, սանթուրահար և երգիչ Մանսուր Խանեշվարը ողջունեց հանդիսատեսին և նշեց, որ գարնան տոնը առիթ է ծառայել մշակութային տոն ստեղծելու և համերգով հանդես գալու մի երկրում, որի հետ ունեն պատմական ու մշակութային սերտ կապեր ու ընդհանրություններ:

Դահլիճը  ջերմորեն ընդունեց երաժիշտներին, նրանց գեղեցիկ կատարումները, և առատ ծափահարությունները հավաստեցին, որ իրանական մշակույթը մոտ է մեր հոգուն ու խառնվածքին, իսկ իրանական ժողովրդական երգ-երաժշտությունը սերտ աղերսներ ունի հայկական երաժշտության հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին