«Եվրասիական տնտեսական ինտեգրացման հեռանկարները. հայացք Հայաստանից». միջազգային գիտագործնական սեմինար՝ ՀՊՏՀ-ում (լրացված)

Դիտումների քանակ՝ 1636

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր առավոտյան մեկնարկեց  «Եվրասիական տնտեսական ինտեգրացման  հեռանկարները. հայացք Հայաստանից» խորագրով միջազգային գիտագործնական սեմինարը, որը համատեղ  նախաձեռնել են  ՀՊՏՀ-ն  և Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա):

Մեր բուհի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում ընթացող սեմինարին մասնակցում են ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների  ամբիոնի վարիչի ժ/պ Գրիգոր Նազարյանը, նշված ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բուհի դասախոսներ, ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտից, ՀՀ պետական կառույցներից, հետազոտական և գործարար շրջանակներից, ՀՊՏՀ ուսանողներ և ասպիրանտներ:

Գիտագործնական սեմինարին բացման խոսքով հանդես եկավ  պրեռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նախ նշելով, որ մեծ պատիվ է ՀՊՏՀ-ում նման ձևաչափով քննարկում կազմակերպելը, ապա անդրադառնալով օրվա թեմային և կարևորելով այն՝ պրոռեկտորը հույս հայտնեց, որ սեմինարը  կընթանա առողջ քննարկումների մթնոլորտում: Ներկաներին ողջունեց նաև ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսագիտության բաժնի ղեկավար, տ.գ.դ, պրոֆեսոր Ազա Միհրանյանը:

Գիտագործնական սեմինարը ըստ նախատեսվածի, ընթանում է 2 մասով: Առաջին մասը «ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման ուղղությունները»  խորագրով էր, առաջինը զեկուցմամբ հանդես եկավ ՌԴ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր  Սվետլանա Գլինկինան՝ «Կենտրոնական և Արևելյան երկրների եվրոպական ինտեգրման փորձն ու դասերը» թեմայով: Պրոֆեսորը ներկայացրեց  համապատասխան երկրների փորձը՝  խոսելով եվրաինտեգրացիայի պայմաններում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների սրընթաց զարգացման հիմնական նախադրյալների, Եվրամիության ուժեղ կողմերի, ինստիտուցիոնալ ադապտացիայի մասին: Նշված երկրների փորձը ներկայացնելուց հետո բանախոսը առանձնացրեց  հիմնական եզրակացությունները:

Հաջորդիվ  «Եվրասիական ինտեգրացում. Հայաստանի անդամակցությունը և  ինտեգրման զարգացման հեռանկարները»  զեկուցմամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական ինտեգրման զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Շուխնոն:

Վերջինս նախ ներկայացրեց ԵՏՄ-ն՝ որպես կառույց, խոսեց դրա էության մասին: Ապա նշեց, որ իր զեկուցման մեջ առանձնացրել է  Հայաստանի համար հիմնական առավելությունները՝ ԵՏՄ անդամակցության պայմաններում: Առաջին հերթին, որպես առավելություն, նշվեց ապրանքային շուկաների  ընդլայնումը, ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը: Մատնանշվեցին նաև ՀՀ  քաղաքացիների համար աշխատանքային հնարավորությունների ընդլայնումը,  բիզնես ոլորտի զարգացման հնարավորությունները, համագործակցության հնարավորությունը նաև մշակութային ոլորտում: Այս համատեքստում՝ ընդգծվեցին  ԵՏՄ անդամ երկրների հետ փոխգործակցության հնարավորությունները:

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.դ.գ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հանդես եկավ «Հակաճգնաժամային միջոցառումների համաձայնեցումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով միասնական արժույթի, համատեղ դրամավարկային քաղաքականության և մի շարք այլ խնդիրների: Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ, Արտյոմ Պիլինը ներկայացրեց «Ինտեգրման գործընթացների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում» զեկուցումը՝ խոսելով Հարավային Կովկասի երկրների արտաքին առևտրի դինամիկայի, արտահանման և ներմուծման կառուցվածքում 2001-2014թթ արձանագրված փոփոխություններին, Հարավային Կովկասի երկրներում աշխատանքային միգրացիայի խնդիրներին, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների արդիականացման գործում ԵՏՄ ստեղծման դերին:

Սեմինարի 2-րդ հատվածը  «Տնտեսական իրավիճակը Հայաստանում և Ռուսաստանում. Եվրասիական տնտեսական միության ձևաչափով ինտեգրման մարտահրավերները և հեռանկարները» խորագրով էր:

«Հայաստանի ինտեգրացման խնդիրները ԵՏՄ-ին. ռիսկերը, զարգացման ներուժը» զեկուցմամբ հանդես եկավ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին և հնարավորություններին: Հաջորդիվ  ելույթ ունեցավ  ՀՊՏՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Դիանա Գալոյանը ՝«ՀՀ տնտեսության մրցունակության դինամիկան և եվրասիական նախագիծը» զեկուցմամբ: Գիտագործնական սեմինարի 2-րդ հատվածը շարունակվեց Ազա Միհրանյանի «Ռուսաստանի տնտեսության բացասական միտումները և դրանց ազդեցությունները ԵՏՄ անդամ երկրների վրա» զեկուցմամբ, ամփոփվեց   Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ, տ.գ.թ. Արսեն Պետրոսյանի «ԵԱՏՄ երկրների հարկային համակարգերի ներդաշնակեցման հիմնախնդիրները» զեկուցմամբ:

Ատոմ Մարգարյանը, ամփոփելով սեմինարի արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, գործընկերներին՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին