«Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» ԳՈՒԽ-ի միջանկյալ հաշվետվությամբ ավարտվեցին 2-րդ միջանկյալ հաշվետվությունները

Դիտումների քանակ՝ 2382

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» գիտաուսումնական խմբի (ԳՈՒԽ)2-րդ միջանկյալ հաշվետվությունն էր, որին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Նշելով, որ սա ԳՈՒԽ-երի վերջին միջանկյալ հաշվետվությունն է, Գագիկ Վարդանյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են, թեև կան  թերություններ, որոնք կշտկվեն: Մեր երկրի համար կարևորելով  սույն ԳՈՒԽ-ի ուսումնասիրության թեման՝ պրոռեկտորը նշեց, որ խմբի գործունեության  նկատմամբ կա հետաքրքրություն ապահովագրական տարբեր ընկերությունների կողմից:

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն ԳՈՒԽ ղեկավար, ինֆորմատիկայի և վիճակագրության
ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մանուկ Մովսիսյանը համառոտ ներկայացրեց խմբի կողմից կատարված աշխատանքները և անելիքները: Ինչպես տեղեկացրեց նա՝ խումբն աշխատել է 3 հիմնական ուղղություններով:

Մագիստրոս Վիլյամ Շահինյանը հանդես եկավ «Գյուղատնտեսական ռիսկերի ճանաչում և դասակարգում:  Միջազգային փորձի ուսումնասիրություն» զեկուցմամբ, որտեղ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսությանը տարբեր տարիներին կարկտահարության, ցրտահարության պատճառած վնասները,  ՀՀ մարզերի խոցելիությունը հիդրոօդրերևութաբանական վտանգավոր երևույթների նկատմամբ, դասակարգեց գյուղատնտեսական ռիսկերը: Զեկուցման երկրորդ հատվածում բանախոսն անդրադարձավ միջազգային փորձի ուսումնասիրությանը, ներկայացրեց Կանադայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի փորձը, խոսեց  մեր երկրում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ներդրման հնարավորությունների մասին:

Հաշվետվությունը եզրափակվեց խմբի մեկ այլ ներկայացուցչի՝ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Դաղունցի ելույթով, ով հանդես եկավ «Ապահովագրային սակագնի չափի որոշման, դրա հաշվարկման եղանակները և մեխանիզմները» զեկուցմամբ:

Այսպիսով, ավարտվեց գիտաուսումնական խմբերի 2-րդ հաշվետվությունների փուլը: Նշենք, որ ՀՊՏՀ 2014-2015թթ. խմբերի գործունեությունը կամփոփվի հունիսին՝ շնորհանդեսներով:

Բոլոր խմբերին մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին