Մենթորինգ՝ ՀՊՏՀ-ում. գերմանացի փորձագետների հետ քննարկվեցին իրականացման հեռանկարները
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց Գերմանիայից ժամանած փորձագետներ Մարտին Վեյսին, Էռնսթ Լյուդվիգ Դրայսին, գերմանացի ասպիրանտների և հյուրերի, ովքեր ՀՊՏՀ-ում էին՝ բուհում մենթորինգ իրականացնելու հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև մեր համալսարանի ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Քննարկելով համագործակցության հեռանկարները՝ Գագիկ Վարդանյանը նշեց, որ մեր ուսանողները շատ բան կարող են սովորել գերմանացիներից, հատկապես նրանց ճշտապահությունից՝ նշելով, որ այն չափազանց կարևոր է ամեն տեղ:
Մասնագիտական հարաբերությունների հարթակ, որտեղ փորձագետը (մենթորը) աջակցում է մեկ այլ անձի՝ զարգացնելու յուրահատուկ հմտություններ և գիտելիքներ, որոնք նպաստում են տվյալ անձի մասնագիտական և անհատական աճին, զարգացմանը. այսպես ձևակերպվեց մենթորինգ հասկացությունը: Կողմերը նշեցին համագործակցության առավելությունները, երկուստեք կարևորվեց փորձի փոխանակումը, ուսանողների մոտիվացիային նպաստելը: Խոսվեց նաև բուհում գերմաներենի դասավանդման, ուսանողների լեզվի զարգացման մասին: Ուրվագծվեցին առաջիկա անելիքները:
Այնուհետև հյուրերը պրոռեկտորի և բուհի աշխատակիցների հետ շրջեցին բուհում, եղան մարզադահլիճում, ընթերցասրահում, գրադարանում, համակարգչային լսարաններում, Բիզնես դպրոցում, միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում և «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, ծանոթացան բուհի գիտահետազոտական կյանքին, կենտրոնի գործունեությանը, հետազոտական ուղղություններին և այլն: «Ամբերդի» խորհրդակցությունների սրահում կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ ևս քննարկվեցին փոխգործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Շրջայցի ընթացքում հյուրերը զրուցեցին նաև ուսանողների հետ, Գագիկ Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց իրականացվելիք մենթորինգի առավելությունները: Այս կապակցությամբ ուսանողները բավականին խանդավառված էին, նրանք ողջունեցին գերմանացի փորձագետների հետ ՀՊՏՀ-ի համագործակցությունը:
Մեզ հետ զրույցում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հույս հայտնեց, որ մենթորինգի իրականացման արդյունքում մեր ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կմոտիվացվեն՝ գիտելիքներն իրացնելու, համապատասխան աշխատանք գտնելու և մասնագիտությանն առնչվող մի շարք հարցերում:
Նշենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության առաջին քայլերը կատարել նոր ուսումնական տարվա սկզբին՝ հոկտեմբերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին