Համագործակցություն Սկոլկովո ինովացիոն կենտրոնի և ՀՊՏՀ-ի միջև. հիմքում գիտաուսումնական խմբի գործունեությունն է
ՀՊՏՀ «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խումբը երեկ մասնակցել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ կազմակերպված «Նորամուծությունների առևտրայնացման մեխանիզմները Սկոլկովո ինովացիոն կենտրոնում» սեմինար-քննարկմանը: Այս մասին մեզ տեղեկացրեց նշված խմբի ղեկավար, ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մոռոզովան ներկայացրել է ՌԴ ինովացիոն համակարգը, «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնը, նորամուծությունների առևտրայնացման փորձն ու ինովացիոն գործունեության ոլորտում երիտասարդ գիտնականների հետ տարվող աշխատանքները, թե ինչ փուլերով է անցել կենտրոնն իր ձևավորման ճանապահին։
Եկատերինա Մոռոզովան նշել է, որ ինովացիոն ոլորտի զարգացման ուղին ՌԴ-ում սկսել են նախ բուհերում փոփոխություններ իրականացնելով` կարևորելով մագիստրոսական ծրագրերում «Ձեռներեցության հիմունքներ» դասընթացը: Նա հավելել է, որ իրենց երկրում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում մտավոր սեփականության իրավական պաշտպանությունը, որը ևս դարձել է մագիստրոսական դասավանդման հիմնական դասընթաց:
Սեմինար-քննարկումը ընթացել է ակտիվ հարցադրումներով և քննարկումներով։ Ատոմ Մարգարյանը հնչեցրեցրել է մի շարք հարցեր ու նկատառումներ, որոնք առնչվում էին ինովացիոն նախագծերի արդյունավետության գնահատման, դրանցում դեպի արտասահման հեռացած երիտասարդ, տաղանդավոր գիտնականների ներգրավման, կիրառական ելքի ներուժ ունեցող նորամուծությունների ֆինանսավորման հնարավորություններին։ Դիտարկումներ են կատարվել նաև Հայաստանում Սկոլկովո նախագծի առավել ուշագրավ ու արդյունավետ բաղադրիչների տեղայնացման հնարավորությունների շուրջ։
Քննարկման ընթացքում հստակեցվել են այն սեմինարների և դասընթացների ուղղություններն ու թեմատիկան, որոնք նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ Սկոլկովոյի բաց համալսարանի առաջատար մասնագետների կողմից: Ըստ նախատեսվածի, այն կմեկնարկի այս աշնանը և հայ երիտասարդ գիտնականների համար հնարավորություն կստեղծի ստանալու լրացուցիչ գիտելիքներ նորամուծական ոլորտում: Սկոլկովոյի բաց համալսարանի փոխտնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսությունների ու սեմինարների շարք կազմակերպել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Ատոմ Մարգարյանի և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նորաստեղծությունների մշակման ու առևտրայնացման տարաբնույթ ծրագրերի շուրջ ձևավորել համագործակցության ընդհանուր օրակարգ ու դրանցում ներգրավել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շահագրգիռ սուբյեկտների։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ատոմ Մարգարյանը ընդգծեց, որ գիտաուսումնական խմբի մասնակցությունը սեմինարին բավականին արդյունավետ էր, և այն հիմք է հանդիսացել բուհի և կենտրոնի միջև համագործակցության ձևավորմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին