Եվրասիական տնտեսական միության ներկան և ապագան. դասախոսությամբ հանդես եկավ Վլադիմիր Գոշինը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1124

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության գծով  կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը հանդես եկավ «Եվրասիական ինտեգրման զարգացման և ԵՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման հեռանկարները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության գծով նախարարի օգնական Վադիմ Ժարդեցկին, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լևոն Բարխուդարյանը: Ներկա էին նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

Հյուրին ներկայացրեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և հույս հայտնեց, որ դասախոսությունը հետաքրքրական կլինի բոլորի՝ և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար:

Վլադիմիր Գոշինն իր ելույթն սկսեց Եվրասիական տնտեսական միության, որպես միջազգային տնտեսական ինտեգրացիոն միավորում, ընդհանուր նկարագրով, որի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2014-ի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից և նպատակն է զարգացնել մասնակից-երկրների տնտեսությունները, բարձրացնել դրանց մրցունակությունը, այնուհետև շարունակեց պատմական անդրադարձով դեպի 1994 թվականը, երբ  միջպետական բազմաթիվ պայմանագրերով ու համաձայնագրերով նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության կայացումը և 2010 թվականին դե ֆակտո Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միավորվեցին Մաքսային միության կազմում:

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց միության պայմանագրային-իրավական բազան, կառուցվածքը՝ բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, միջկառավարական խորհուրդ, եվրասիական տնտեսական հանձնաժողով, կոլեգիա, խորհուրդ և այլն: Այնուհետև նա կանգ առավ միասնական տնտեսական տարածքի զարգացման շարժընթացի վրա՝ նախատեսված 10 տարվա կտրվածքով՝ մինչև 2025 թվականը, որում, ի դեպ, 2015 թվականի համար նախանշված էր բուհերի դիպլոմների փոխճանաչումը:

Վլադիմիր Գոշինն անդրադարձավ նաև միասնական արժութային գոտու ստեղծմանը՝ հատկանշելով, որ այդ մասին պաշտոնական մակարդակում խոսվել է միայն վերջերս, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել Կենտրոնական բանկին՝ ուսումնասիրելու խնդիրը: Նա վերլուծեց նաև ազատ առևտրի գոտու հնարավոր ու հավանական զարգացումները: ԵՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման հեռանկարներին անդրադառնալով՝ բանախոսը հատկանշեց գրագետ իրավական բազայի անհրաժեշտությունը և ներկայացրեց ներկա գործընթացն այս ուղղությամբ: Խոսելով «միասնական պատուհանի» մասին՝ որպես տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության վիրտուալ փոխանակության համակարգի՝ նա կարևորեց, որ սրանով ապահովվում է «առանց թղթի շրջանառություն»:

Ուսանողները Վլադիմիր Գոշինին հղեցին բազմաթիվ հարցեր, որոնցում արծարծվեցին  ազատ առևտրի գոտում Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությանը, միասնական արժույթի ստեղծման դեպքում երկրների սուվերենության վտանգմանը վերաբերող և այլ դրույթներ:

Բանախոսը սիրով ու հանգամանորեն պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց և Վլադիմիր Գոշինին հանձնեց հավաստագիր՝ հետաքրքրական ու խորքային դասախոսության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին