«1 500 000+1». Հրանտ Դինքի կյանքին ու գործունեությանը նվիրված միջոցառում՝ ՈւԽ նախաձեռնությամբ
ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների անվան լսարանում այսօր կայացավ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր, նշանավոր մտավորական Հրանտ Դինքի կյանքին և գործունեությանը նվիրված «1 500 000+1» խորագրով միջոցառումը, որը հերթականն էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ ուսանողական խորհրդի նախաձեռնած միջոցառումների շարքում:
Միջոցառման ընթացքում զեկուցումներով հանդես եկան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Մելիքսեթյանը և ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Թամարա Ջիրիդյանը: Ուսանողուհիները ներկայացրեցին Հրանդ Դինքի կյանքը (1954-2007), հասարակական գործունեությունը, գաղափարները: Առանձնահատուկ անդրադարձ եղավ Դինքի հիմնադրած հասարակական-քաղաքական երկլեզու «Ակոս» պարբերականին: Միջոցառումը եզրափակեցին ՀՊՏՀ Նժդեհ ռազմահայրենասիրական ակումբի նախագահ, կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զավեն Խուկեյանը և նույն կուրսի ուսանող, ակումբի փոխնախագահ Գրիգոր Ոսկերչյանը:
«Մեր առաքելությունն է ընկալել, գնահատել և ինչու ոչ՝ քարոզել Հրանտ Դինքի նման մարդկանց գործունեությունը: Թուրքիայում հազարավոր մարդիկ ընդունել են Հայոց ցեղասպանությունը հենց Հրանտ Դինքի շնորհիվ: Նա իսկական հայ էր»,-ընդգծեց Գրիգոր Ոսկերչյանը:
Զավեն Խուկեյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու և հույս հայտնեց տեսնել ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Նշենք, որ այսօրվա միջոցառմանը մասնակցելու էին եկել տարբեր ֆակուլտետների մեծաթիվ ուսանողներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին