Ուսանողները ծանոթացան Հայաստանում էքստրեմալ տուրիզմի զարգացման միտումներին
Ուսանողական խորհրդի հրավերով «Արշավներ» ակումբի հիմնադիր և Ծաղկաձորի «Zip-Line» ընկերության համահիմնադիր Ռուբեն Բաղդիշյանն այսօր մեր համալսարանում հանդես եկավ «Էքստրեմալ տուրիզմը Հայաստանում» թեմայով բանախոսությամբ: Հանդիպումը մեկտեղել էր տուրիզմի ապագա մասնագետներին, էքստրիմի ու արկածների սիրահարներին:
Դիտարկելով համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումներն ու ժամանակակից ուղղությունները՝ գործարարը էքստրեմալ տուրիզմը դասեց ամենապահանջվածների շարքում և կարևորեց Հայաստանում դրա զարգացումը: Բանախոսն արձանագրեց, որ 2016թ. համեմատությամբ 2017 թ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է:
Հանդիպման երկրորդ հատվածն անդրադարձ էր Ծաղկաձորի «Zip-Line» ընկերության ծառայություններին. զիփլայնը բաղկացած է 2 գծից՝ մոտ 480 և 630 մետր երկարությամբ և իր ամենաբարձր կետում հասնում է 130 մետրի: Ընկերությունն առաջարկում է մատչելի թռիչք՝ տարիքային տարբեր խմբերի անձանց համար: Ռուբեն Բաղդիշյանն ակտիվ ուսանողներին հանձնեց զիփլայնի նվեր-քարտեր, ինչպես նաև տեղեկացրեց, որ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ուսանողների, իրականացնում է զբոսավարների անվճար վերապատրաստում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին