Փաստաթղթերի հաստատում, հաշվետվություններ և ընտրություններ՝ գիտական խորհրդի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 2599

ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, հագեցած օրակարգով էր: Նիստի առաջին հարցը՝ «Կրթական ծրագրերի մշակման մասին», զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ ներկայացնելով ծրագրերի մշակման ընթացքը, կատարված աշխատանքները: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն: Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը նաև գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր հաստատելու մասին հարցը: Այսպիսով, գիտական խորհուրդը հաստատեց 9 հետևյալ փաստաթղթերը՝ «ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը», «Ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության մեթոդական ցուցումներ», «Մագստրոսական թեզի կատարման և պաշտպանության մեթոդական ցուցումներ», «ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի ընթացակարգ», «ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գնահատականի քննարկման և բողոքարկման կարգ», «ՀՊՏՀ ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի գրախոսման կարգ», «ՀՊՏՀ-ում մագիստրոսական կրթական ծրագրի մշակման պահանջները», «Մագիստրոսական կրթական ծրագրի և դասընթացի ծրագրերի ձևաչափերի լրացման մեթոդաբանություն»,«Դասընթացի իրականացման գնահատման նպատակով ուսանողական հարցման անցկացման ընթացակարգ»:

«2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին» զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Շեշտելով, որ համալսարանում ուսուցման և քննական գործընթացը կազմակերպվել է գործող կարգերին և գիտխորհրդի որոշումներին համապատասխան՝ պրոռեկտորը մանրամասնեց ընդհանուր պատկերը: Այսպիսով, քննաշրջանից հետո առկա ուսուցման բակալավրիատի ուսանողների ուսման առաջադիմությունը քննաշրջանից հետո կազմել է 71,4, «գերազանց և լավ» գնահատականներով սովորողների տեսակարար կշիռը՝ 13,2, հեռակա բակալավրիատում՝ 59,3, առկա մագիստրատուրայում՝ 77,2, իսկ հեռակա մագիստրատուրայում՝ 21,4 տոկոս: Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց նաև խնդիրները, որոնք վերաբերում են աշխատանքային կարգապահությանը, դասահաճախումների գրանցմանը, գնահատմանը և ամփոփմանը և այլ հարցերի: Գիտական խորհուրդը կատարված աշխատանքը գնահատեց բավարար և որոշում ընդունեց՝ հանձնարարականներ սահմանելով գործընթացի կազմակերպիչների համար:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց «Ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին» հարցը: Մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը ներկայացրեց մրցույթին դիմած թեկնածուներին: Ամբիոնների վարիչների համար հայտարարված մրցույթը կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում կառավարչական հաշվաշման և աուդիտի ամբիոնի վարիչ ընտրվեց տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, կոմերցիայի և բիզնեսի ամբիոնի վարիչ՝ տ.գ.թ., դոցենտ Միքայել Մարդումյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ՝ տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ՝ տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ՝ Ֆիրուզա Մայիլյանը:

Ընտրություններ անցկացվեցին նաև դոցենտի գիտական կոչումներ շնորհելու համար: Արդյունքում դոցենտի գիտական կոչումներ շնորհվեցին ՄՏՀ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսինե Աղաջանյանին, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսյա Գալոյանին, վիճակագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անուշ Շիրինյանին, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանին: Գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ հաստատեց ընտրության արդյունքները: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց ամբիոնի նորընտիր վարիչներին և դոցենտներին՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը զեկուցեց կենտրոնի 2017թ. գործունեության և 2018թ. խնդիրների մասին: Կենտրոնի տնօրենը ներկայացրեց կատարված գիտահետազոտական աշխատանքների ծավալը, դրանց հրապարակայնացման աշխատանքները, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, փորձագետների շփումները լրատվամիջոցների հետ, ինչպես նաև ձեռքբերումները, որոնց շարքում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ընդգրկումն է  ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի ուղեղային կենտրոնների հեղինակավոր համաշխարհային վարկանիշային զեկույցի «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնում՝ շուրջ 200 համանման հաստատությունների շարքում զբաղեցնելով 65-րդ տեղը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ միջազգայնացման գործընթացում այս  լուրջ հաջողությունը կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանի երկարատև աշխատանքի արգասիքն է: Գիտական խորհուրդը կենտրոնի գործունեությունը գնահատեց բավարար, իսկ համալսարանի ռեկտորն արժևորեց սույն ձեռքբերումը և մաղթեց նորանոր հաջողություններ: Ռեկտորի շնորհավորանքին միացան գիտխորհրդի մյուս անդամները ևս:

Ուսումնաարտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակի և դեկանատների ու ամբիոնների խնդիրների մասին զեկուցեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ 2017-2018 ուստարում կազմակերպված փորձառություններում ընդգրկվել է 1689 ուսանող, որից 1214-ը՝ խոշոր կազմակերպություններում՝ համալսարանի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա: Մարտի 26-ից մինչև հունիսի 1-ը փորձառություն են անցնելու բակալավրիատի հեռակա կրթաձևի 269 ուսանող: Որպես գործընթացի խոչընդոտներ՝ մատնանշվեցին կազմակերպական, բովանդակային, հսկողության ու գնահատման խնդիրները: Կորյուն Աթոյանը հանձնարարեց փորձառությունների բարելավմանը միտված առանձին քննարկում հրավիրել: Գիտական խորհուրդը բավարար գնահատեց կատարված աշխատանքը և փորձառությունների կազմակերպման բարելավմանն ուղղված հանձնարարականներ հասցեագրեց պատասխանատուներին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր, որոնք հաստատվեցին: Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց կառավարչական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանի և ասիստենտ, տ.գ.թ. Նարինե Միրզոյանի «Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և վարկանշում», վիճակագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուկ Մովսիսյանի ընդհանուր խմբագրությամբ «Կիրառական վիճակագրության հիմունքներ», լեզուների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Խոստիկյանի և դասախոս Գալինա Ամատունու '' Practical English for Student of Accounting and Audit'' ուսումնական ձեռնարկները, լեզուների ամբիոնի դասախոս Ռիմա Մալոյանի «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկի վերահրատարակությունը և ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ Թամար Մարգարյանի «Հնդկաստան. զարգացման միտումներ և մարտահրավերներ» մենագրությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին