ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է Մարտի 8-ի առթիվ
ՀՊՏՀռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է ՀՊՏՀ կանանց ու աղջիկների տոնը՝ երեկ մատուցած գեղեցիկ անակնկալին հավելելով այս սրտառուչ ու ջերմ ուղերձը:
Սիրելի՛ կանայք, կրկին գեղեցիկ ու պայծառ գարուն է, բնության ու հոգեկան զարթոնքի սիրված ու սպասված տոնը՝ մարտի 8-ը:
Բնությունը կնոջը շռայլորեն շնորհել է գեղեցկություն, ջերմություն, եռանդ, իմաստնություն, նվիրվածություն և օժտել մայրությամբ ու ստեղծագործ ոգով: Կնոջ վրա դժվարին պարտականություններ են դրվել՝ օջախը շենացնելու, ամուսնուն զորավիգ լինելու, երեխաներ կրթել-դաստիարակելու ու միաժամանակ աշխատավայրում, պատասխանատու պաշտոններում մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով մրցունակություն դրսևորելու, մտքի փայլատակումներով աչքի ընկնելու:
Ակնածանքով ու երախտագիտությամբ ցանկանում եմ փաստել, որ այսօր համալսարանական մեր մեծ ընտանիքում աշխատում ու սովորում են գեղեցիկ սեռի մեծաթիվ ներկայացուցիչներ՝ գիտնական-մանկավարժներ, հետազոտողներ, նորարարներ, արհեստավարժ ու բարեխիղճ աշխատակիցներ, բանիմաց ուսանողներ, որոնք ամեն օր, ամեն ժամ առիթ են ստեղծում հպարտությամբ հիշատակելու իրենց մասին, ոգևորվելու նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Սիրելի’ կանայք, Կանանց միջազգային տոնի առիթով բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, կանացի հմայք ու երջանկություն, որոնք ձեզ թույլ կտան ավելի հաճախ ժպտալ, ավելի եռանդուն ու լավատես լինել ու միշտ պահպանել ձեր հոգում գարնան ջերմությունն ու թարմությունը:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
Կորյուն Աթոյան