«Երկրատեղեկատվական համակարգեր» գիտաուսումնական խումբը՝ 2-րդ միջանկյալ հաշվետվությամբ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր 2-րդ միջանկյալ հաշվետվությամբ հանդես եկավ «Երկրատեղեկատվական համակարգեր» գիտաուսումնական խումբը: Հաշվետվությանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, դասախոսներ, ուսանողներ:
Գագիկ Վարդանյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիտաուսումնական խմբերի նախորդ հաշվետվությունների արդյունքները, ինչպես նաև սեմինարների ընթացքում ծավալված քննարկումները գոհացուցիչ էին: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ խմբերի գործունեությունը իր նպաստը կբերի:
Գիտաուսումնական խմբի ղեկավար, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևոորգյանը հակիրճ ներկայացրեց խմբի ընթացիկ աշխատանքները, առկա արդյունքները և անելիքները: Ղեկավարը նշեց, որ ամփոփիչ շնորհանդեսին կներկայացվեն կոնկրետ առաջարկներ, կհրավիրվեն նաև համապատասխան կառույցների (օր.՝ կադաստրի պետական կոմիտեի) ներկայացուցիչներ:
Խմբի անդամ, տեխ.գ.թ. Գևորգ Ալոյանը անդրադարձավ երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) հիմնական գաղափարին, էությանը, ԵՏՀ գործունեության սխեմային, ՀՀ-ում ԵՏՀ ստեղծման սկզբունքներին, ներկայացրեց ԵՏՀ ստեղծման համար մշակված անհրաժեշտ միջոցառումների շարքը:
Հաջորդիվ ելույթ ունեցան խմբի մյուս անդամները: Հնչեցին մի շարք հարցեր, ի պատասխան՝ բանախոսները հանդես եկան պարզաբանումներով:
Նշենք, որ սույն ԳՈւԽ կազմը հետևյալն է ՝ ղեկավար՝ Սուրեն Գևորգյան, մասնակիցներ՝ բնօգտագործման ամբիոնի ասիստենտ, տեխ.գ.թ. Գևորգ Ալոյան, նույն ամբիոնի ասիստենտ Արմեն Ռուբինյան, մագիստրոսներ Քրիստինե Մքոյան, Աբով Խաչատրյան: Խմբի աշխատության թեման է «ՀՀ-ում երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը անշարժ գույքի կառավարման բնագավառում»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին