Անգլախոսների ակումբի անդամները զարգացրեցին շնորհանդեսներ պատրաստելու հմտությունները. դասախոսություն ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1051

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  նորաստեղծ Անգլախոսների ակումբի գործունեության շրջանակներում հերթական հանդիպումն էր, հյուրերն էին  Եղեգնաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ, մասնաճյուղ հրավիրված անգլիացի դասախոս Բրայան Սալիբան,  մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:

Բրայան Սալիբան հանդես եկավ «Ինչպես զարգացնել շնորհանդեսներ պատրաստելու հմտությունները» թեմայով դասախոսությամբ: Սկսելով «Դուք երբեք չեք ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորությունը» հանրահայտ արտահայտությամբ (հեղ.՝ Կոկո Շանել)՝ բանախոսը շեշտեց, թե որքան կարևոր է շնորհանդեսը առաջին իսկ էջից  ճիշտ
կառուցելու հանգամանքը, ունկնդիրների ուշադրությունը հենց սկզբից  դեպի ներկայացվելիք նյութը գրավելը: Առանձին-առանձին նշվեցին և վերլուծվեցին  այն նրբությունները, որոնք պետք է նկատի ունենալ շնորհանդեսներ պատրաստելիս: Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին թեմային առնչվող տեսանյութեր:

Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով:

Նշենք, որ ՀՊՏՀ Անգլախոսների ակումբը համախմբում է մեր բուհի անգլերենի իմացության բարձր մակարդակ ունեցող ուսանողներին: Այս հանդիպումն ակումբի  2-րդ նախաձեռնությունն էր, գործունեության մեկնարկը տրվել էր  մարտի 6-ին, ՀՀ ԿԲ ներկայացուցչի հետ հանդիպմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին