ՀՊՏՀ-ում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ՈւԽ միջոցառումները. համալսարանում էին «ԱՍԱԼԱ»-ի լեգենդար մարտիկները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1804

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր հյուրընկալվել էին  «ԱՍԱԼԱ»-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ)  լեգենդար մարտիկներ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը և նույն գործողության մասնակից Հակոբ Ջուլֆայանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ մարտիկները եղան մեր բուհի ուսանող-ազատամարտիկների անվան լսարանում, ծանոթացան  լսարանի ստեղծման պատմությանը,  իրենց ստորագրությունը թողեցին կարմիր հուշագորգի վրա: Մեծ դահլիճում ուսանողները  դիտեցին «ԱՍԱԼԱ» -ի գործունեության մասին պատմող փոքրիկ ֆիլմ, այնուհետև դիմավորեցին մարտիկներին: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, մեծ թվով ուսանողներ:  Հանդիպման սկիզբը ազդարարվեց հայոց օրհներգով:

Ներկաներին ողջույնի խոսք ասաց Կորյուն Աթոյանը՝ ընդգծելով, որ համալսարանի ուսանողական խորհուրդը միջոցառումների շարք է սկսում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և այդ համատեքստում մեծ պատիվ է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներին հյուրընկալելը:

«Մենք հավատացած ենք, որ երիտասարդ սերունդը պետք է լավ ծանոթ լինի իր պատմությանը, իր ժողովրդին պատուհասած դժբախտություններին, ինչպես նաև պատմության նշանակալի դեպքերին ու դրվագներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ համար ավելին է, քան սոսկ հիշատակի, ոգեկոչման օր լինելը»,-նշեց Կորյուն Աթոյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի բովանդակային մթնոլորտում և ուսանոսղներին հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու լեգենդար կառույցի գործունեությանը: Ռեկտորի ամբողջական խոսքին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Asalayi_het_handipum.pdf:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ նշելով, որ ուսանողական խորհրդում  ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որը ձեռնարկելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ: Նա նաև խորհրդանշական նվեր հանձնեց մարտիկներին:

Վազգեն Սիսիլյանը ներկայացրեց «ԱՍԱԼԱ»-ի գործունեությունը, ստեղծման պատմությունը, խմբի նպատակները, խնդիրները: Խոսվեց նաև  «Վան» գործողության մասին: Ընդգծվեց խմբի կողմից իրականացվող  Հայկական հարցի միջազգայնացմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, անդրադարձ եղավ խմբի գործունեության հիշարժան դեպքերին: «Մեզ համար կարևոր էր հայկական հարցի միջազգայնացումը, ինչին, կարծում եմ, մենք հասանք»,- կարճ իրենց գործունեության նպատակը ներկայացրեց Վազգեն  Սիսիլյանը, ում  հայրենասիրական գաղափարները մեծ ոգևորություն առաջացրեցին ՀՊՏՀ ուսանողների մոտ: Նա նաև  պատասխանեց ուսանողների հարցերին: Հանդիպման ավարտին մարտիկը կոչ արեց ուսանողներին՝ հավատալ հայ ժողովրդի պայքարին, քանի որ այն արդարացի է:

Նշենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՊՏՀ ՈւԽ-ը նախաձեռնել է միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց այսօրվա հանդիպմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին