Մեր ուսանողուհին մրցանակի է արժանացել լավագույն զեկուցման համար
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հովհաննիսյանը ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովում արժանացել է մրցանակի (դրամական պարգև)՝ լավագույն զեկուցում ներկայացնելու համար:
Նշենք, որ գիտաժողովի 16 մասնակիցներից 6-ը, այդ թվում և մեր ուսանողուհին, լավագույն զեկուցումների համար «Արարատ» բանկի և Հայաստանի բանկերի միության կողմից արժանացել են դրամական պարգևների:
Տաթևիկ Հովհաննիսյանը հանդես է եկել «ՀՀ-ում ֆինանսական միջնորդության հիմնախնդիրների հաղթահարման ուղիները» թեմայով զեկուցմամբ, որում, ինչպես հեղինակն է նշում, փորձ է արվել ցույց տալ մեր երկրում ֆինանսական շուկայի զարգացման հնարավոր հեռանկարները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց . «Կատարել եմ հայաստանյան շուկայի համապատասխան վերլուծություն, վերհանել եմ առկա հիմնախնդիրները և փորձել եմ տալ դրանց լուծման ուղիները: Աշխատանքում ներկայացված է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը»: Ուսանողուհու փոխանցմամբ, իր զեկույցի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվել, հնչել են մի շարք հարցադրումներ, նաև գովեստի խոսքեր թե' ուսանողների, թե' դասախոսների կողմից:
Գիտաժողովին մասնակցությունը մեր ուսանողուհին կարևորեց տարբեր առումներով. «Առաջին հերթին այն ինձ տվեց փորձ և վստահություն. ամեն անգամ նմանատիպ միջոցառումների մասնակցելիս զգում եմ, որ տվյալ ելույթս նախորդներիցս ավելի լավն էր: Բացի դրանից, միջբուհական շփումն է շատ կարևոր: Ձեռք եմ բերել նոր ընկերներ, մեր միջև համագործակցության դաշտ է ձևավորվել: Լսել եմ տարբեր զեկուցումներ և ամեն մեկից մի բան եմ սովորել: Շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել՝ համատեղելով օգտակարն ու հաճելին»:
Տաթևիկ Հովհաննիսյանը ՀՊՏՀ-ն ներկայացնող միակ բակալավրն էր գիտաժողովում: Նրա գիտական ղեկավարն էր ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը:
Ուսանողուհին մեզ հետ զրույցում հավելեց, որ այժմ էլ պատրաստվում է մասնակցելու մեր բուհի ՈւԽ նախաձեռնությամբ ապրիլի 17-19-ը Ծաղկաձորում կայանալիք «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագիրը կրող “INhead” միջբուհական գիտաժողովին:
Նշենք, որ Տաթևիկը ՀՊՏՀ առաջադեմ ուսանողներից է, անվանական կրթաթոշակառու. թե' բուհի պաշտոնական ամսագրում, թե' կայքում բազմիցս անդրադարձել ենք նրա ուսումնական հաջողություններին:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, մաղթում նոր նվաճումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին