«Ցանցային տնտեսություն» գիտաուսումնական խումբը հանդես եկավ 2-րդ միջանկյալ հաշվետվությամբ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Ցանցային տնտեսություն» գիտաուսումնական խմբի երկրորդ միջանկյալ հաշվետվությունն էր, որին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բուհի ծրագրավորման և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցներ, ուսանողներ:
Գագիկ Վարդանյանը ողջունի խոսքում ընդգծեց այս գիտաուսումնական խմբի առկայության կարևորությունը՝ նշելով, որ խմբի ձևավորումը պատահական չէր. ցանցային տնտեսության բնագավառի ըմբռնման դերը կարևոր է երկրի առաջընթացի համար: «Ցանցային տնտեսություն մուտք չգործող երկրները հետ են մնում առաջընթացից»,-շեշտեց Գագիկ Վարդանյանը:
Խմբի ղեկավար, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ողջույնի խոսքում ուրախությամբ նշեց, որ ՀՊՏՀ բոլոր գիտաուսումնական խմբերի մեջ ձևավորվում է համագործակցության դաշտ: Ղեկավարը ներկայացրեց խմբի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա արդյունքները, ինչպես նաև հետազոտության ակնկալիքները:
ԳՈւԽ անդամներ՝ մագիստրանտ Լիննա Սարգսյանի, ասպիրանտ Ռաֆայել Սեդրակյանի, մագիստրանտ Էլլա Աղաբաբյանի և տ.գ.թ.,դոցենտ Գրիգոր Արքելաթյանի կողմից համապատասխանաբար, հնչեցին հետևյալ զեկուցումները. «ՏՀՏ ազդեցությունների ուսումնասիրությունը ՀՀ բիզնես միջավայրի վրա», «ՀՀ-ում ցանցային տնտեսության ձևավորման մոդելները և փոխազդեցությունները տնտեսական աճի հետ», «Ցանցային տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման խնդիրները ՀՀ-ում», «ՀՀ-ում առցանց աշխատաշուկայի զարգացման ռազմավարությունները»:
Քննարկումն ուղեկցվեց հարցադրումներով, նկատառումներով ու դիտարկումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին