ՀՊՏՀ-ականները՝ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից, տպագրվել են նրանց զեկուցումները

Դիտումների քանակ՝ 1184

ՀՊՏՀ մագիստրանտներ, «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի անդամներ Անի Հունանյանը և Անի Ավետիսյանը մասնակցել են  երեկ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկած  «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովին: Մեր բուհը ներկայացրած ուսանողներ Անի Հունանյանի, Անի Ավետիսյանի, ինչպես նաև ՀՊՏՀ ասպիրանտ Վարդան Ջանգոզյանի  զեկուցումները, լավագույնների  շարքում, տպագրվել են «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Անի Հունանյանը նշեց, որ գիտաժողովին հանդես է եկել  «ՀՀ տնտեսության գիտելիքահենք հատվածի ձևավորման հիմնախնդիրները» զեկուցմամբ, որտեղ անդրադարձել է գիտության ոլորտի և գիտելիքահենք տնտեսության հիմնախնդիրներին, խոչընդոտներին, մտավոր սեփականության իրավական հիմնախնդիրներին, ներկայացրել է գիտատեխնիկական գործունեության ցուցանիշները, գիտելիքահենք տնտեսության զարգացման հեռանկարը, հանդես է եկել առաջարկություններով:

Անի Ավետիսյանը «Բարձր տեխնոլոգիական հիմքի վրա տնտեսության դիվերսիֆիկացման հիմնախնդիրները» զեկուցման մեջ հանդես է եկել տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի դերի և նշանակության վերաբերյալ վորլուծությամբ, ցույց տվել այդ ոլորտը՝ որպես ՀՀ տնտեսության բազմազանեցման մրցակցային առավելություն, մատնանշել ՏՏ և դեղագործական ոլորտի արտահանման հիմնական ցուցանիշները և արտահանման շուկաները:

Մեզ հետ զրույցում ուսանողները գիտաժողովին մասնակցությունը կարևորեցին միջբուհական համագործակցության, փորձի փոխանակման, համատեղ քննարկումների հնարավորության առումով: Անի Հունանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը նպաստում է ուսանողի գիտահետազոտական աշխատանքների հմտությունների զարգացմանը:

ՀՊՏՀ ուսանողները մասնակցության համար ստացել են հավաստագրեր:

Նշենք, որ ուսանողների ղեկավարը տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին