Կայացավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խմբի հաշվետվությունը

Դիտումների քանակ՝ 1347

Միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում  այսօր կայացավ  «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խմբի (ԳՈՒԽ) 2-րդ միջանկյալ հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խումբը միակ միջազգային խումբն է, և գովելի է ՀՊՏՀ-ում սովորող սիրիացի ուսանողների (մագիստրանտների) նվիրվածությունը գիտահետազոտական աշխատանքին:

Գիտաուսումնական խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց  հետազոտական աշխատանքների ընթացքը, առկա արդյունքները: Նա ընդգծեց, որ խմբում ընդգրկված  սիրիացի մագիստրանտներն  ուսումնասիրում են  Սիրիայի ֆինանսաբանկային հատվածը՝ նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում:

ԳՈւԽ անդամ, տ.գ.թ., դոցենտ Աղավնի Հակոբյանը  հանդես եկավ «ՀՀ-ում ֆինանսական ծառայությունների հասանելիության SWOT վերլուծություն» զեկուցմամբ՝ խոսելով  ֆինանսական ծառայությունների սուբյեկտային կազմի, ՀՀ-ում ֆինանսական ծառայությունների հասանելիության ուժեղ կողմերի, ՀՀ-ում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը բնութագրող ցուցանիշների դինամիկայի (2004-2013), ԵՏՄ անդամ պետություններում ֆինանսական ծառայությունների հասանելիության (2013թ.) մասին: Մատնանշվեցին  նաև մեր երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության թույլ կողմերը, հնարավորությունները, սպառնալիքները:

Մագիստրանտներ Մահմուդ Ադելան և Շադի Ջենդին  հանդես եկան համապատասխանաբար «Ֆինանսական ծառայությունների հասանելիությունը Սիրիայի Արաբական Հանրապետության պետական և ոչ պետական առևտրային բանկերում» և «Իսլամական բանկային համակարգի առանձնահատկությունները ֆինանսական ծառայությունների հասանելիության տեսանկյունից» զեկուցումներով:

Հարցադրումներով  հանդես եկան Գագիկ Վարդանյանը, Սամվել Ավետիսյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, կառավարման ֆակուլտետի դեկանի
տեղակալ Մերի Բադալյանը և այլք:  Նշված պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նաև գոհունակություն հայտնեցին խմբի ներկայացրած հաշվետվության վերաբերյալ: Ծավալվեց քննարկում, զեկուցողները հանդես եկան պարզաբանումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին