Մեկնարկում են Հանրապետական ուսանողական մարզական խաղերը. ՀՊՏՀ-ն պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ

Դիտումների քանակ՝ 1014

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերը կմեկնարկեն մարտի 14-ին՝ շախմատի  առաջնությամբ: Հանրապետական խաղերին ՀՊՏՀ-ն ակտիվ մասնակցություն կունենա: Անցկացվելու է 13 առաջնություն՝ 10 մարզաձևից, և մեր բուհը մասնակցելու է 12 առաջնության: Այս մասին  տեղեկացրեց  ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի  վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

«Հանրապետական խաղերի մեկնարկին երկու օր է մնացել, և մեր բուհը ներկայացված է գրեթե  բոլոր առաջնություններում: Առաջին՝ շախմատի առաջնությունը կտևի մարտի 14-17-ը, որից հետո, մարտի 17-ին, ըստ նախատեսվածի,  կկայանա  խաղերի հանդիսավոր բացման արարողությունը և շախմատի առաջնության հաղթողների պարգևատրումը »,-ասաց ամբիոնի ղեկավարը:

ՀՊՏՀ շախմատի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ շախմատի հավաքականը պատրաստ է պատշաճ ներկայանալու առաջնությանը, թիմի մարզավիճակը լավ է:

«Անցկացվել է շախմատի ներբուհական առաջնություն, որի արդյունքում լավագույն շախմատիստները՝ 4 տղա և 4 աղջիկ, ընտրվել են Հանրապետական խաղերին մասնակցելու համար: Մարզումները շարունակվում են ամեն օր, դասերից  հետո: Հույս ունենք՝ մեր բուհի հավաքականը լավ արդյունք կարձանագրի»,-նշեց մարզիչը:

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի ընթացքը, մեր ուսանողների արձանագրած հաջողությունները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ուշադրության կենտրոնում կլինեն:

ՀՊՏՀ մարզիկներին մաղթում ենք հաջողություն առաջիկա խաղերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին