Գիտաուսումնական խմբերի 2-րդ միջանկյալ հաշվետվությունների մեկնարկը՝ այսօր. հանդես եկավ «Ազգային ինովացիոն համակարգ» խումբը

Դիտումների քանակ՝ 1450

ՀՊՏՀ 2014-2015 թթ. գիտաուսումնական խմբերի 2-րդ միջանկյալ  հաշվետվությունների մեկնարկը տրվեց այսօր՝ «Ազգային ինովացիոն համակարգ» խմբի հաշվետվությամբ, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, ուսանողներ:

Նշված գիտաուսումնական խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ  Ատոմ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, ամփոփ ներկայացրեց խմբի կողմից կատարված աշխատանքը, ինչպես նաև կատարվող աշխատանքների ընթացքը, ուղղությունները, առաջնահերթությունները: Գիտաուսումնական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Ծովինար Կարապետյանը հանդես եկավ «Պետական ինովացիոն քաղաքականություն» զեկուցմամբ: Նա ներկայացրեց, թե ինչ ուղղություններով է իրականացվում

պետության կողմից ինովացիոն գործունեության խթանումն  ու  աջակցությունը, խոսեց ՀՀ ինովացիոն քաղաքականության միտումների մասին: Հաջորդ բանախոսը մագիստրանտ Անի Հունանյանն էր, ով անդրադարձավ ՀՀ ազգային տնտեսության գիտատարությանն ու ստացված արդյունքին, մատնանշեց  գիտելիքահենք տնտեսության զարգացմանը խոչընդոտող  գործոնները, ՀՀ մշակող արդյունաբերության առավել գիտատար  ճյուղերը: Մագիստրոսն անդրադարձավ նաև հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերին, ՀՀ գիտական կազմակերպություններին, գիտատեխնիկական աշխատանքների ծավալին և փոքրիկ անդրադարձ կատարեց արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության գործունեությանը (2014թ.): Հաջորդիվ ելույթ ունեցան խմբի մյուս անդամները:

Ելույթների ավարտից հետո ակտիվ քննարկում ծավալվեց. Գագիկ Վարդանյանը հանդես եկավ դիտարկումներով և մեկնաբանություններով, հարցադրումներ հնչեցին տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանի և այլ ունկնդիրների կողմից:

Հիշեցնենք, որ «Ազգային ինովացիոն համակարգ» ԳՈւԽ-ի կազմը հետևյալն է՝ տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան՝ ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ծովինար Կարապետյան, ասպիրանտներ Տաթև Խաչատրյան, Սիփան Ավետիսյան, մագիստրոսներ Անի Ավետիսյան, Անի Հունանյան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին