Ինչպե՞ս զարգացնել հայաստանյան զբոսաշրջությունը. իրականություն, հնարավորություններ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1289

Ինչպե՞ս զարգացնել հայաստանյան զբոսաշրջությունը, ինչպիսի՞ ներուժ և հեռանկարներ կան, ինչպիսի՞ն է ներկա իրականությունը: Այս հարցերի շուրջ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ հերթական քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՊՏՀ և Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանը ներկայացրեց իրականացվող ծրագիրը, դրա շրջանակներում քննարկված ամենատարբեր թեմաները` շեշտադրելով, որ  դրանք հրատապ են հայաստանյան տնտեսության զարգացման համար: Նիստը վարող ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոս Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ զբոսաշրջությունն արդիական թեմա է, այն լայնորեն քննարկվում է նաև մամուլում, սակայն այսօրվա հանդիպումը կառուցվել է պետական, մասնավոր և  կրթական հատվածների համատեղության սկզբունքով, ինչը հնարավորություն կտա գտնելու խնդրի ճիշտ լուծումները: Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում մշակված մոտեցումները ներկայացվում են ՀՀ Կառավարությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Մարի Գրիգորյանը ներկայացրեց զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականությունը ՀՀ-ում: «Հայաստանում 2000թ-ից զբոսաշրջությունը դինամիկ ձևով աճում է, և այսօր այն կազմում է 26 տոկոս: Աճում է նաև ներքին զբոսաշրջությունը, ինչը խոսում է բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին, բայց այստեղ մեծ է նաև սոցիալական փաթեթների դերը»,- ներկայացրեց Մարի Գրիգորյանը: Որպես ոլորտի զարգացման չափելի ցուցիչներ՝ վարչության պետի տեղակալը նշեց, որ վերջին տարիներին աճել է նաև հյուրանոցաշինությունը, ավելացել են ննջատեղերը: Զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության բարեփոխումների շարքում նախարարության ներկայացուցիչը նշեց ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված օրենսդրական դաշտի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը:

Հանդիպման հաջորդ բանախոսը՝ ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոս Հասմիկ Համբարձումյանն անդրադարձավ զբոսաշրջային արդյունաբերության արդի վիճակին ու զարգացման գերակայություններին: «Չնայած զբոսաշրջությունը գերակա ճյուղ է համարվում, սակայն այն էական ազդեցություն չունի երկրի տնտեսության վրա. այն ազդեցություն չունի ոչ ՀՆԱ-ի ձևավորման, ոչ ներդրումների ապահովման, ոչ զբաղվածության բարձրացման գործում»,- մեզ հետ զրույցում նշեց Հասմիկ Համբարձումյանը: Նրա համոզմամբ՝ տնտեսական կատալիզատորի դերի ապահովման, ինչպես նաև լրացուցիչ եկամուտների ձևավորման նպատակով առաջնային է լրացուցիչ ենթակառուցվածքների, ծառայությունների բազմատեսակացումը, զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության ակտիվացումը, մրցակցության ինտենսիվության բարձրացումը, զբոսաշրջային կազմակերպությունների փաթեթների ճկունացումը և տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումը:

Զեկուցումներն ուղեկցվեցին աշխույժ քննարկումներով, հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին