Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

Դիտումների քանակ՝ 1153

«Տնտեսագետի» հունվար-փետրվարյան համարը լույս է ընծայվել: Ամսագրի նոր թողարկումը կփորձի իր ընթերցողին պահել կարևոր իրադարձությունների կիզակետում, նրան մասնակից դարձնել բուհական կյանքին, նրա հետ մեկտեղ կիսել խոհեր ու մտորումներ, հպարտանալ ձեռքբերումներով ու հաջողություններով:

ՀՊՏՀ խորհրդի նիստը, գիտական խորհրդի նիստերը նախորդ տարեվերջին և նոր տարեսկզբին ևս մեկ անգամ հավաստեցին մեր համալսարանի ձեռքբերումները, զարգացման ճանապարհին օրեցօր նոր հաջողությունների հասնելու հաստատակամությունը. այս մասին՝ ամսագրի ամփոփ անդրադարձում:

«Տնտեսագետը» ծավալուն ներկայացնում է մեր հայենիքի, հայ երիտասարդության համար երկու առանցքային թեմա. Հայոց բանակ, հայ զինվոր և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Զետեղված են այս թեմաներին վերաբերող իրադարձային լրաքաղեր, հեղինակային հոդվածներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Ամսագիրն իր ընթերցողի համար համախմբել ու մշակել է համալսարանի վերջին ժամանակահատվածի գիտական աշխատանքներն ու արդյունքները՝ շեշտադրելով երկու ուղղությունները՝ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը:

«Տնտեսական խճանկարը» կրկին հարուստ է հայաստանյան և միջազգային տնտեսական կարևոր ու հետաքրքրական նորություններով, ներկայացված է նաև ճանաչողական ու ժամանցային տնտեսագիտական խաչբառ:

Երեք հերոսուհիների դիմանկարները կպատմեն համալսարանի անվանական կրթաթոշակառուների մասին:

Լուսանկարային լրաշարքում աշխատել ենք մեր տեսադաշտից դուրս չթողնել ոչ մի կարևոր համալսարանական իրադարձություն:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագիրը ներկայացնում է աշխարհահռչակ նկարիչ, աբստրակտ սյուրռեալիզմի ամերիկյան դպրոցի ձևավորող Արշիլ Գորկու արվեստը ու անցած ճանապարհը՝ աղերսելով այն ցեղասպանության թեմային:

ՀՊՏՀ մարզիկների վերջին մարզական հաջողություններին և ուսանող-մարզիկների լավագույն տասնյակին ևս կարող եք ծանոթանալ նոր համարում:

Ամսագիրը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) կարող եք ծանոթանալ նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակին հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին