Շնորհակալագիր՝ նշանակալի ավանդի համար. պարգևատրվել է ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը «Մարքեթինգի հայկական ակումբի» կազմավորման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է շնորհակալագրով: Երեկ նշվել է ակումբի 5-ամյա հոբելյանը, և այս առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում ակումբի կողմից հանձնվել են պարգևներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև պաշտոնատար անձինք, ՀՊՏՀ-ից մասնակցել են մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, մեր բուհի դասախոսներ, ուսանողներ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արարատ Զաքարյանը կարևորեց մարքեթինգի դերը, հատկապես՝ տնտեսագիտության մեջ, նշելով. «Մարքեթինգը արդի ժամանակներում մեր կյանքի բոլոր բնագավառներում է, առանց մարքեթինգի հնարավոր չէ պատկերացնել ոչ մի ոլորտ»: Արժևորելով «Մարքեթինգի հայկական ակումբի» 5-ամյա գործունեությունը՝ պրոֆեսորը նշեց, որ իրենց ամբիոնը ակումբի հետ համագործակցել է դրա հիմնադրման օրվանից, կազմակերպվել են համատեղ քննարկումներ, որոնց ակտիվորեն մասնակցել են մեր բուհի և դասախոսները, և ուսանողները:
«Նշեմ, որ «Մարքեթինգի հայկական ակումբի» հիմնադիրներից մեկը ՀՊՏՀ ասպիրանտ Տարոն Պարսամյանն է: Ակումբի դերը կարևոր է մարքեթինգի բնագավառում բազմակողմանի պրակտիկ կարողություններ ձեռք բերելու առումով, քանի որ այն
կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, որոնք էական նշանակություն ունեն հատկապես մարքեթոլոգների, այս մասնագիտության ուսանողների համար: Ուշագրավ է, որ այդ միջոցառումներին մասնակցում են ոչ միայն ՀՊՏՀ մարքեթինգի, այլև մեր բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, ինչը փաստում է, որ միջոցառումները հետաքրքիր են և լրացնում են ուսանողների պրակտիկ գիտելիքները »,-նշեց մարքեթինգի ամբիոնի ղեկավարը՝ հավելելով, որ համագործակցությունը շարունակական է լինելու:
Շնորհավորում ենք մարքեթինգի ամբիոնին, մաղթում արդյունավետ համագործակցության նորանոր օրինակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին