ՀՊՏՀ կադրային բազան համալրվում է սեփական շրջանավարտներով. ամրապնդվող մշակույթ՝ համալսարանական կառավարման գործում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իր կադրային բազան սկսել է համալրել առանձնահատուկ ձևով: Այսինքն, բացի կադրային քաղաքականության իրականացման համար առկա հիմնական ընթացակարգերը, համալսարանի ղեկավարությունն առանցքային նշանակություն է տալիս իր շրջանավարտներին աշխատանքով ապահովելու գործելաոճին՝ դառնալով թիվ մեկ գործատուն իր պատրաստած կադրերի համար:
ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի տեղեկատվության համաձայն՝ 2014թվականին և 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների տվյալներով, ՀՊՏՀ-ն աշխատանքի է ընդունել 4 տասնյակից ավելի շրջանավարտների: Ընդ որում, նրանք աշխատանքի են անցել համալսարանի ամենատարբեր ստորաբաժանումներում ՝ թե ուսումնական, թե վարչական: Մեծ թիվ են կազմում նաև համալսարանի գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված բակալավրիատի շրջանավարտները, ովքեր ներկայումս էլ սովորում են մեզ մոտ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Նրանց հետ համալսարանն աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրերով:
Բուհի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու մոտեցումը չի սահմանափակվել միայն 2014-2015թթ-ով: Ինչպես հաճախ ենք անդրադարձել, համալսարանի ղեկավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել լավ սովորող ուսանողներին աշխատանքով ապահովելու խնդիրը: Վերջին մի քանի ուսումնական տարիների ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն անձամբ էր հանդիպում ավարտական կուրսերի լավ սովորող ուսանողների հետ, հետաքրքրվում նրանց ապագա ծրագրերով՝ փորձելով օգնել ուսանողներին աշխատանք գտնելու գործում: Իհարկե, այդ հանդիպումներն արձանագրում էին մի հետաքրքիր փաստ՝ լավ սովորող ուսանողների մեծ մասն աշխատանքի խնդիր չուներ: Այդուհանդերձ, խնդիրն ուշադրության կենտրոնում էր:
2011թ. ապրիլի 26-ին ՀՊՏՀ խորհրդում հաստատված ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթներ» փաստաթուղթն ամրագրում էր. «Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության որակական բնութագրերի զարգացում՝ հաշվեկշռված կադրային քաղաքականության, համարժեք աջակցության սոցիալական փաթեթների ձևավորման հիման վրա»:
«Կադրային հաշվեկշռված քաղաքականության հիմքում հետևյալ գաղափարն էր՝ համալսարանի առկա կադրային բազայում երիտասարդների քանակի հաշվեկշռված ավելացում: Հարգելով և բարձր գնահատելով տարեց աշխատակիցների փորձն ու ներդրումը՝ անհնար է խուսափել սերնդափոխության բնական գործընթացից: Մենք հավատացած ենք, որ տասնամյակների ավանդույթները, պրոֆեսորադասախոսական բարձրորակ, խոստումնալից, շնորհաշատ երիտասարդներով համալրվող կազմը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հնարավորություն կընձեռեն դառնալու տնտեսության զարգացման հիմնախնդիրների լուծման կադրային ապահովման, տնտեսագիտական մտքի զարգացման առաջատար հաստատություն»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդումը համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավոր քայլերից է: Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ-ն իր շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու նպատակով մագիստրոսական համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու պայմանագրեր է կնքել պետական և մասնավոր մի շարք կառույցների հետ: Հիշեցնենք, որ մեր համալսարանը մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու պայմանագրեր է կնքել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այժմ ֆինանսների նախարարություն), ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ Բնապահպանության, ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունների (այժմ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն) ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ բանկերի միության հետ:
ՀՊՏՀ-ն իր շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու համար տարբեր մոտեցումներ է ցուցաբերում, ինչի մասին նախկինում խոսել ենք: Սակայն բոլորովին նոր մշակույթ է սեփական կադրերի համար գործատու դառնալը: Եվ սա ոչ թե մեկ կամ երկու հախուռն դեպք է, այլ համակարգված մոտեցում:
«Այս կերպ մենք լուծում ենք մի շարք խնդիրներ. գլխավորը՝ մեր շրջանավարտներին ապահովում ենք աշխատանքով, ինչը վկայում է մեր կրթած կադրերի նկատմամբ վստահությունը, երկրորդը՝ մյուս ուսանողները համոզվում են, որ լավ սովորելու դեպքում առանց աշխատանքի չեն մնա, և նրանց կարիերայով մտահոգվելու մասին մեր հայտարարությունները զուտ խոսքեր չեն, երրորդը՝ լուծվում է համալսարանի անձնակազմը երիտասարդ կադրերով համալրելու խնդիրը»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Ռեկտորի խոսքով՝ մեր ուսանողը պետք է հավատացած լինի, որ համալսարանն անելու է հնարավոր ամեն ինչ ուսանողներին որակյալ կրթությամբ ապահովելու, իսկ լավ սովորող ուսանողներին՝ նաև աշխատանքի տեղավորելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին