Ֆլեշմոբ՝ նվիրված ՀՊՏՀ ուսանողուհիներին. հայտնի դարձավ նաև լուսանկարչական մրցույթի հաղթողը (լուսանկարներ)
ՀՊՏՀ բակում այսօր մարտիության տոնական մթնոլորտը շարունակվեց դասամիջոցներին: Ուսանողական խորհուրդը, մատուցելով հերթական անակնկալը, բուհի ուսանողուհիների համար կազմակերպել էր ինքնատիպ ֆլեշմոբ՝ համեմված ջութակի կենդանի նվագակցությամբ և պարային կատարումներով: Բակում այսօր ցուցադրվում էին ՈւԽ կողմից նախապես հայտարարված «Պատկերի'ր գեղեցիկը» խորագրով լուսանկարչական մրցույթի մասնակիցների լուսանկարները, որոնցում արտացոլված էին կինը, մայրը, աղջիկը, գեղեցիկը:
Տոնական մթնոլորտը համախմբել էր բոլոր ֆակուլտետների ուսանողներին, նաև բուհի աշխատակիցներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սիրանույշ Ամիրյանն ասաց, որ նման ուշադրությունն իրենց հանդեպ շատ հաճելի է: «Ուսխորհրդի նախաձեռնությունները շատ հետաքրքիր և յուրօրինակ էին: Վաղ առավոտից մեզ տարբեր անակնկալներ են մատուցվում: Հաճելի է, երբ օրդ տոնի է վերածվում և արժանանում ես այսպիսի ուշադրության»,-նշեց ուսանողուհին:
Ֆլեշմոբի ընթացքում ՈւԽ ներկայացուցիչները նաև հայտարարեցին կանանց տոներին նվիրված լուսանկարչական մրցույթի հաղթողի անունը. կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Կիրակոսյանն է, ով լուսանկարում ներկայացրել էր տարեց կնոջ՝ մոր ձեռքեր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մոր կոշտացած, բայց գեղեցիկ ձեռքերը ավելի քան արտահայտում են գեղեցիկը, ուստի իր լուսանկարում հենց այդ գեղեցկությունն է պատկերել: «Մոր ձեռքերը շատ բան են արտահայտում՝ սեր, քնքշություն, աշխատասիրություն, հոգատարություն …Շատ հաճելի է, որ հենց ի'մ լուսանկարը հաղթեց»,-նշեց Լուսինեն:
Լուսինե Կիրակոսյանը ուսանողական խորհրդի կողմից որպես մրցանակ ստացավ արտաքին կրիչ:
ֆլեշմոբի ավարտից հետո էլ բակը տոնական ու ջերմ էր: Ուսանողներն իրար ծաղիկներ էին նվիրում, շնորհավորում, ողջագուրվում…
Ահա այսպիսին էր կանանց միամսյակի մեկնարկը մեր բուհում:
Հաղթող լուսանկարը
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին