ՀՊՏՀ-ում գործում է անգլախոսների ակումբ. գործունեության մեկնարկը՝ ՀՀ ԿԲ ներկայացուցչի հետ հանդիպմամբ
Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր նորաստեղծ «Անգլախոսների ակումբի» հյուրն էր Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոսներ:
Գագիկ Վարդանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այս հանդիպմամբ տրվում է «Անգլախոսների ակումբի» գործունեության մեկնարկը, այն կազմակերպվել է բարձր մակարդակով. հյուրը ԿԲ ներկայացուցիչ է:
Սուսաննա Չալաբյանը նույնպես ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ նորաստեղծ ակումբի գործունեությունը կնպաստի ոչ միայն ուսանողների անգլերենի, այլև տնտեսագիտական գիտելիքների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի ֆինանսական իրավիճակը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սուսաննա Չալաբյանը նշեց, որ ակումբը համախմբում է բուհի՝ անգլերենին լավ տիրապետող ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին: Այժմ ակումբի անդամ են 6 տասնյակ ՀՊՏՀ-ականներ: Ամբիոնի ղեկավարը նաև ընդգծեց, որ ակումբի գործունեության շրջանակներում կազմակերպվելու են սեմինարներ, հրավիրվելու են մասնագետներ, անգլերենով քննարկվելու են տարբեր թեմաներ:
«Անգլախոսների ակումբից» մեծ ակնկալիքներ ունեն նաև ուսանողները:
Մեզ հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մելիքյանը նշեց, որ ակումբը մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ զարգացնելու անգլերենով հաղորդակցվելու հմտությունները, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև շփվելու տարբեր մարդկանց, մասնագետների հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին