Հայաստանի սեղանի թենիսի 2015թ. անհատական առաջնությանը մեր աշխատակիցը 6-րդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը փետրվարի 21-ին և 22-ին կայացած Հայաստանի սեղանի թենիսի 2015թ. անհատական առաջնությանը 6-րդ անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մեսրոպը նշեց, որ այս տարվա առաջնությանը մասնակցելիս սկզբում մի քիչ լարվածություն և այսպես ասած՝ մտավախություն կար, բայց հետո՝ արձանագրվեց հերթական նվաճումը: Ուսումնական վարպետը հաղթանակի է ձգտում տարբեր առաջնություններում և այժմ էլ նախապատրաստվում է սեղանի թենիսի մեկ այլ խաղում լավագույնս հանդես գալու:
«Մարզական հաղթանակներիս շարքը համալրվեց ևս մեկով, ինչի համար շատ ուրախ եմ: Նպատակ ունեմ մասնակցելու նաև այս ամռանը կայանալիք Համահայկական խաղերի շրջանակներում անցկացվող սեղանի թենիսի առաջնությանը: Ի դեպ, այս առաջնությունում երկու անգամ նվաճել եմ 2-րդ տեղը, այժմ նպատակս 1-ին տեղի համար պայքարելն է»,-ասաց բազմակի չեմպիոնը: Մեսրոպի գնահատմամբ՝ Հայաստանում սեղանի թենիս մարզաձևը լավ հիմքերի վրա է, ցանկալի է, սակայն, որ այն ավելի զարգանա:
Մեսրոպ Ղուկասյանը այս տարի ևս Հայաստանի սեղանի թենիսի անհատական առաջնությունում հաղթանակի համար արժանացել է ոսկե մեդալի, պատվոգրի և դրամական պարգևի:
Շնորհավորում ենք մեր աշխատակցին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին