«Ընթերցանությունն այսօր. գիրք, թե էլեկտրոնային տարբերակ». ՀՊՏՀ գրադարանը համախմբել էր տարբեր բուհերի ուսանողների

Դիտումների քանակ՝ 2204

Գիրք նվիրելու օրվա առիթով մեր բուհի գրադարանի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ընթերցասերների ակումբի» նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ գիտական ընթերցասրահում կազմակերպվել էր «Ընթերցանությունն այսօր. գիրք, թե էլեկտրոնային տարբերակ» թեմայով քննարկում՝ Տնտեսագիտական համալսարանի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի,աշխատակիցների և նշված ակումբի անդամ, տարբեր բուհերի ուսանողների մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում  թեմայի վերաբերյալ հնչեցին տարբեր տեսակետներ ու կարծիքներ: Քննարկումը վարում էր Արմինե Հովհաննիսյանը, ով  հարցադրումներ էր ուղղում հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներին՝ փորձելով պարզել, թե գրքի որ տարբերակն է նախընտրելի նրանց կողմից և ինչու, ինչ առաջարկներ ունեն ուսանողներն  ընթերցանության դերը բարձրացնելու, բուհերի ընթերցասրահներից օգտվելը գրավիչ դարձնելու և  այլ հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին մեր բուհի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական համալսարանների և այլ բուհերի ուսանողներ, ինչը քննարկման մեջ ձևավորել էր բազմակարծություն. ուսանողները նաև  իրենց բուհերի գրադարանի օրինակով էին դիտարկում հարցը: Քննարկման ընթացքում, ի ուրախություն գրադարանի աշխատակիցների, պարզ դարձավ, որ ուսանողները ոչ միայն կարևորում են գրքի, ընթերցանության դերը, այլև՝ ստեղծել են իրենց անձնական գրադարանները և փորձում են այն համալրել թե' մասնագիտական, թե' գեղարվեստական  գրքերով:

Արմինե Հովհաննիսյանը ՀՊՏՀ գրադարանի անունից  հայ դասական հեղինակների գրքեր նվիրեց  «Ընթերցասերների ակումբին», հանձնելով այն ակումբի ղեկավար, ՀՊՏՀ ուսանողուհի Գոհար Հովհաննիսյանին: Գրադարանի տնօրենը Գիրք նվիրելու տոնի առիթով «Տնտեսության լուսաբանում» լրագրողների համար նախատեսված գիրք նվիրեց ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:

Եզրափակելով հանդիպումը՝ գրադարանի տնօրենը կոչ արեց ուսանողներին չսահմանափակվել միայն մասնագիտական գրականության ընթերցմամբ, ժամանակ գտնել և կարդալ նաև գեղարվեստական գրքեր, որովհետև դրանք են անհատի ինքնազարգացման, մտահորիզոնի ընդլայնման ամենաարդյունավետ միջոցներըը:  «Որախալի է, որ երիտասարդ սերունդն այսօր գերադասում է գիրքը՝ էլեկտրոնային տարբերակից: Ուզում եմ նաև խորհուրդ տալ, որ նախապատվությունը տաք մայրենի լեզվով գրքեր կարդալուն, որովհետև դա մեր լեզվամտածողությունն է»,-ընդգծեց նա:

Ուսանողներն էլ, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին ՀՊՏՀ ընթերցասրահում հյուրընկալման և հաճելի քննարկում կազմակերպելու  համար:

Հանդիպման ավարին քննարկվեցին նաև նշված ակումբի և մեր բուհի գրադարանի համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին