Յուրատեսակ նախաձեռնություն ՀՊՏՀ բակում. առիթը գիրք նվիրելու օրն է (լուսանկարներ)
Գիրք նվիրելու օրը մեր բուհի ուսանողները նշեցին յուրատեսակ ֆլեշմոբով, որը նախաձեռնել էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Դասամիջոցին ՀՊՏՀ բակում տասնյակ ուսանողներ իրենց ընտրությամբ որպես նվեր ստացան գրքեր (հայ, ռուս և արտասահմանյան գրականություն) ՝ պատասխանելով գրականությանն առնչվող տարբեր հարցերի: Յուրաքանչյուր ուսանող պետք է պատասխաներ 1 հարցի, իսկ դժվարանալու դեպքում՝ հնարավորություն էր ստանում պատասխանել 2-րդ հարցին՝ նշելով հայ, ռուս և արտասահմանյան գրողների անունները, որոնց դիմանկարները ցուցադրված էին :
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Սահակյանն ասաց, որ գրքերը, որոնք բաժանվեցին տարբեր ֆակուլտետների ուսանողներին, հավաքվել էին իրենց ֆակուլտետի ուսանողների ջանքերով:
Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի մեծացնելու հետաքրքրությունը գրքի, ընթերցանության նկատմամբ:
Այս ակցիան մեծ խանդավառություն էր առաջացրել ուսանողների, նաև դասախոսների շրջանում: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընթերցանությունն իր կյանքում մեծ դեր և նշանակություն ունի:
«Ինձ համար ամենալավ և արժեքավոր նվերը գիրքն է, և այս տոնը հիանալի առիթ է ՝ ստանալու այդ նվերը: Ընդամենը 18 տարեկան եմ, բայց կարող եմ ասել, որ կարդացածս գրքերը մեծ հետք են թողել իմ կյանքում, ընթերցանության շնորհիվ բացահայտել եմ մի շարք հարցերի պատասխաններ, որոնց հանդիպում ենք կյանքում»,-նշեց ուսանողուհին՝ հավելելով, որ կարդացած վերջին գիրքը Ֆրեդերիկ Դարի «Բոլորս մենակ ենք» ստեղծագործությունն է:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Վիգեն Հարությունյանը, ով մասնակցելով ֆլեշմոբին իր ընտրությամբ նվեր էր ստացել Րաֆֆու երկերի ժողովածուի 5-րդ հատորը («Կայծեր» և «Խաչագողի հիշատակարանը»), մեզ հետ զրույցում կարևորեց ընթերցանության դերը մարդու, հատկապես ուսանողի կյանքում:
«Ընդհանրապես, մարդու համակողմանի զարգացման գործում ամենամեծ դերը գրքինն է: Ինչպես ասում են՝ գիրք կարդալը նորաձև է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհրդին՝ այս գեղեցիկ ակցիան կազմակերպելու և ուսանողներին օգտակար գրքեր նվիրելու համար: Իմ կարդացած վերջին գիրքը Սթեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» ստեղծագործությունն է, հաջորդը կլինի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», որը նվեր ստացա այսօր»,-ասաց Վիգեն Հարությունյանը:
Թեև երկար դասամիջոցն արդեն ավարտվել էր, բայց բակում շարունակվում էր ուսանողների հետաքրքրությունը առաջարկվող գրքերի նկատմամբ. մի շարք ուսանողներ պատասխանելով հարցերին՝ գիրք էին ստանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին