Որ հաղթի նորին մեծություն գիրքը. փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է

Դիտումների քանակ՝ 7103

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, այսօր, ինչպես շատերդ հավանաբար գիտեք, գիրք նվիրելու օրն է: Օրվա խորհրդին անդրադարձել է մեր համալսարանի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Արդեն վեցերորդ  տարին է մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է գիրք նվիրելու օր: Հասարակության մեջ վերականգնվել է մի գեղեցիկ և կարևոր սովորույթ. միմյանց գիրք նվիրել՝ առանց հատուկ առիթի և նպատակահարմարության: Հայ մարդու հոգուն հարիր և մտերմիկ մի իրողություն, որը, հուսով ենք, ավանդույթ կդառնա:

Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը ժամանակի ընթացքում շատ էական փոփոխությունների է ենթարկվել. այն այլևս հոգևոր պահանջմունք չէ: Գիրքը վերափոխվել է. ձեռք է բերել նոր ֆիզիկական ձև և նոր բովանդակություն: Կորսվել է այն փոքրիկ հրաշքը, որ տալիս էր մեզ անծանոթ գրքերի աշխարհը: Գիրքն այսօր շատ «մրցակիցներ» ունի՝ հանձինս նոր տեխնոլոգիաների,  որոնցից այսօր օգտվում է մեր ընթերցողը: Բայց ուզում ենք հիշեցնել, որ Գիրքը նախ և առաջ միտք է, բովանդակություն, հոգի, կենդանի օրգանիզմ: Գիրքը նախ և առաջ քաղաքակրթական արժեք է, որի հետ անմիջական հաղորդակցության ժամանակ հղկվում է մարդու միտքն ու ճաշակը: Հուսով ենք, որ շատ շուտով մենք կվերականգնենք մի շատ կարևոր բան ևս. գիրք կարդալու «արվեստը»: Ամեն մի նոր սերունդ, ընթերցելով  և վերընթերցելով Գիրքը,   վկայում է նրա հաղթանակի մասին:

Շնորհավորում ենք բոլորիս այդ օրվա առիթով: Լիահույս ենք, որ այսուհետ գիրքը հանապազօրյա պահանջ կդառնա, կմեծանա գրքասերների բանակը ու նորից, ի հեճուկս բոլոր մարտահրավերների, կհաղթի «Նորին մեծություն» գիրքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին