ՀՊՏՀ-ում քննարկվեցին ՀՀ ագրարային քաղաքականությանն ու միջազգային համագործակցությանը վերաբերող խնդիրներ

Դիտումների քանակ՝ 1450

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում այսօր ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկում: Այսօրվա հանդիպման թեման էր «Հայաստանի Հանրապետության ագրարային քաղաքականությունը և միջազգային համագործակցությունը»:

Հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Լուկաս Լյուշերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը գյուղատնտեսության ոլորտում աշխատող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Ներսես Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրեց Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը: «Այս ծրագիրը նվիրված է հասարակությանը հետաքրքրող հարցերի քննարկմանը իսկ տեսլականը ներառական տնտեսական աճին նպաստելն է»,- ներկայացրեց նա՝ հիշատակելով ծրագրի շրջանակներում քննարկված թեմաները:

«Ներառական տնտեսական աճի այս ծրագրով հրավիրվում  են կարևոր կլոր սեղաններ, որտեղ շեշտադրված ձևով քննարկվում են այն թեմաները, որոնք կոնկրետ կապ ունեն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հետ»,- իր խոսքն այսպես սկսեց հանդիպումը վարող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց անկախության տարիներից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված միջազգային ծրագրերը, խոսեց դրանց նշանակության ու արդյունքների մասին: «Այդ աջակցությունը մեր գյուղատնտեսությանը եղել է տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից: Եվ կարևորն այն է, որ դա եղել է ոչ միայն նյութական աջակցություն, այլև կառավարման նոր համակարգի ներդրում գյուղատնտեսության ոլորտում»,- շեշտեց Սամվել Ավետիսյանը:

«ՀՀ ագրարային քաղաքականությունը և միջազգային համագործակցությունը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Պետության ագրարային քաղաքականության մասին խոսելիս նա ընդգծեց նախարարության 4 հեռանկարային ուղղությունները՝ ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, ֆինանսական ռեսուրսների մատչելիություն, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ: «Սրանք գյուղատնտեսության պետական քաղաքականության հեռանկարային ուղղություններն են»,- շեշտեց փոխնախարարն՝ ավելացնելով, որ ոլորտի ռազմավարությամբ ամրագրված բոլոր քայլերը միտված են այս ուղղությունները կյանքի կոչելուն:

Արմեն Հարությունյանը մանրամասն ներկայացրեց նաև նախարարության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ընդգծելով, որ միջազգային կառույցների հետ համագործակցության առումով գյուղատնտեսության նախարարության աշխարհագրությունը բավականին մեծ է:

Կլոր սեղան-քննարկման հաջորդ զեկուցողը Ռազմավարական զարգացման գործակալության տնօրեն Մկրտիչ Այվազյանն էր՝ «ՌԶԳ կողմից իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը ՀՀ-ում» թեմայով: Գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության ոլորտում տարիներ շարունակ ծրագրեր իրականացնող կազմակերպության տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն իրենք փորձում են եղած խնդիրների համար համալի լուծում գտնել: Կազմակերպությունն այս պահին ծրագրեր է իրականացնում հանրապետության հարավային թվով 100 գյուղական համայնքներում՝ իրականացնելով աջակցության տարբեր ծրագրեր:

Մեր հարցին, թե որն է գյուղատնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը Մկրտիչ Այվազյանը պատասխանեց. «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը գյուղացիական տնտեսությունների փոքր լինելն է, ինչը խանգարում է կոմերցիոն գյուղատնտեսությամբ զբաղվելուն: Իհարկե կան նաև մի շարք այլ խնդիրներ»:

Հանդիպումն ուղեկցվեց քննարկմամբ, հարց ու պատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին