ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հյուրընկալվել էին մեր բուհում
Տնտեսագիտական համալսարանի գիտության բաժնի նախաձեռնությամբ այսօր մեր բուհի մեծ դահլիճում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Այսօր մեր համալսարանում հյուրընկալված ԿԲ ներկայացուցիչներն էին ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը (տնտեսագիտության դոկտոր) և Աշոտ Մկրտչյանը (տնտեսագիտության թեկնածու), ԿԲ մակրոտնտեսական կանխատեսումների բաժնի պետ Շահանե Հարությունյանը, ԿԲ բանկային համակարգի կարգավորման բաժնի պետ Մարիամ Եղիազարյանը,ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության վերլուծաբան, տ.գ.թ. Էդգար Էվոյանը:
Ներկաներին ողջունեց Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումները դարձել են ավանդական: «Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցները ամեն հանդիպման ժամանակ ներկայացնում են առաջնային տեղեկատվություն: Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը մասնագիտական առումով կարող է շատ օգտակար լինել ուսանողներին, նաև դասախոսներին»,-ընդգծեց պրոռեկտորը:
Ներկաներին ողջունեց նաև Արմենակ Դարբինյանը՝ նշելով, որ ուրախ է հերթական անգամ ուսանողների հետ հանդիպելու համար, ապա ներկայացրեց հանդիպմանը քննարկվելիք թեմաները: «ՀՀ մակրոտնտեսական զարգացումները 2014 թվականին» զեկուցմամբ հանդես եկավ Շահանե Հարությունյանը, «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով խոսեց Էդգար Էվոյանը, «Բանկային համակարգում կարգավորման փոփոխություններ» թեմայով՝ Մարիամ Եղիազարյանը:
Զեկուցումների ավարտից հետո ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսոր, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աննա Ասլանյանի կողմից հնչեցին հարցադրումներ. մի քանի անգամ հնչեց արտարժույթի տատանումներին առնչվող հարց: ԿԲ ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին ներկաներին. նույնիսկ միևնույն հարցին պատասխանեցին տարբեր մասնագետներ՝ հարցը դիտարկելով մի քանի տեսանկյուններից:
Ամփոփելով հանդիպումը՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն նշեց, որ աշխարհի ֆինանսական ոլորտի տարբեր զարգացումների թոհուբոհում մեր պատասխանատուները՝ ի դեմս ԿԲ մասնագետների, կարողացան երկրի ֆինանսական հատվածը հնարավորինս պահել անցնցում, կամ քիչ ցնցումային, ինչն արդեն մեծ նվաճում է: Պրոռեկտորը եզրափակեց. «Նման հանդիպումները կոչված են մեր ուսանողների, ինչու չէ նաև դասախոսների ակադեմիական գիտելիքները համալրելու»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին