ՀՊՏՀ գործունեության բարելավման ճանապարհով
ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանը հաստատվել էր 2014 թվականի նոյեմբերի 14-ին կայացած գիտական խորհրդի նիստում, իսկ այսօր արդեն համալսարանի աշխատակիցների համար հասանելի է «ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլան» (01.10.2014 – 01.10.2018) գրքույկը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս նորության և դրանից բխող գործընթացների մասին զրուցեց համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի հետ, ով նշեց.
«ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանը հասցեագրված է համալսարանի բոլոր օղակներին և ստեղծվել է Որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ու խորհուրդների հիման վրա: Ըստ այնմ, թե ինչ ուղղություններով կարելի է բարելավել աշխատանքները, դուրս են բերվել 10 չափանիշ, 35 նպատակ և 100-ից ավելի գործողություն: Նախատեսված է 4 տարի տևողություն, սակայն կան նպատակներ, որոնց ավելի շուտ պետք է հասնենք: Յուրաքանչյուր բաժին իր գործունեության վերաբերյալ պետք է արդեն իսկ ձեռնամուխ լինի կատարելու ինքնավերլուծություն, ստեղծելու փաստաթղթեր և տրամադրելու դրանք փորձագիտական խմբերին»:
Պրոռեկտորն ավելացրեց, որ շուտով կստեղծվեն փորձագիտական խմբերը, որոնց գործառույթը կլինի ստուգել կատարված աշխատանքները, տալ չափելի գնահատակններ և, ըստ առանձին բաժինների, ներկայացնել բարելավման նոր առաջարկություններ: Այսինքն՝ շարունակաբար կկրկնվի վերլուծություն, գնահատում, բարելավում գործընթացը:
«Քանի որ գործընթացը կազմակերպվելու է միայն բուհի ուժերով, փորձագիտական խմբերի հետ կաշխատի, ուսումնասիրություններ և խորհրդատվություն կիրականացնի մեր համալսարանի որակի ապահովման բաժինը»,- ասաց պրոռեկտորը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին