Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՊՏՀ ՈւԽ նախաձեռնությամբ կիրականացվի միջոցառումների շարք

Դիտումների քանակ՝ 1097

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ կանցկացվի միջոցառումների շարք: Այս առիթով ուսանողական խորհրդում ստեղծվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է  ինչպես միջոցառումների կազմակերպման և անցկացման, այնպես էլ համազգային միջոցառումներին ՀՊՏՀ-ականների մասնակցության հարցերով:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ փոխնախագահ, ՀՊՏՀ ասպիրանտ Գրիշա Ամիրխանյանը, ով նաև ժամանակավոր հանձնաժողովի ծրագրային պատասխանատուներից է, նշեց, որ այսպիսով ուսանողական խորհուրդը նպատակ ունի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ ուսանողության, երիտասարդության և առհասարակ, հանրության շրջանում բարձրացնել Մեծ եղեռնի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, կոչ անել աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Նախատեսում ենք տարաբնույթ միջոցառումների շարք, որտեղ ընդգրկված կլինեն և' ուսանողներ, և' հատուկ  հյուրեր, օրինակ՝ հայոց պատմության, ցեղասպանագիտության մասնագետներ: Միջոցառումները կայանալու են ինչպես մեր բուհում, այնպես էլ՝ բուհից դուրս: Այս պահին ամեն ինչ մշակման փուլում է, մեկնարկը նախատեսվում է մարտին, ամփոփումը՝ մինչև ապրիլի 24-ը»,-ընդգծեց ՈւԽ փոխնախագահը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին