ՀՊՏՀ-ում կազմակերպվել է օլիմպիադա
2015 թվականի փետրվարի 14-ին և 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անց է կացվել ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) ուսանողների և շրջանավարտների օլիմպիադա`մագիստրատուրա դիմել ցանկացողների համար: Օլիմպիադային մասնակցել են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ ներկայացված տեղեկատվության մեջ նշելով, որ փետրվարի 14-ին օլիմպիադան անց է կացվել ֆինանսներ և վարկ, իրավագիտություն, համաշխարհային տնտեսագիտություն, տնտեսագիտություն, մաթեմաթիկական մեթոդներ և վերլուծություն մասնագիտական ուղղություններով, իսկ փետրվարի 15-ին՝ կառավարում, բիզնես, ինֆորմատիկա, լրագրություն, լեզվաբանություն, պատմություն, գովազդ և հանրային կապեր ուղղություններով։
Օլիմպիադայի բացմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հակոբյանը: Օլիմպիադան անց են կացրել «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը և սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի սոցիոլոգիական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, «Мир России» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Բարսուկովան։
Ողջունելով ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչներին՝ Գագիկ Վարդանյանը կարևորել է երկու բուհերի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը։ Պրոռեկտորը բարձր է գնահատել ՀՊՏՀ-ում օլիմպիադայի անցկացումը, ինչի մասին վկայում է արդեն երկրորդ տարին օլիմպիադան ՀՊՏՀ-ում անցկացնելու ավանդույթը: Սվետլանա Բարսուկովան էլ իր հերթին երախտագիտություն է հայտնել ՀՊՏՀ-ում օլիմպիադան անցկացնելու հնարավորության համար՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համալսարանները տարբեր ձևաչափերում կզարգացնեն փոխշահավետ համագործակցությունը և կնպաստեն առավել մրցունակ ուսումնական միջավայրի ձևավորմանը:
Օլիմպիադիայի արդյունքները հայտնի կլինեն մեկ ամսից, իսկ հաղթողները հնարավորություն կունենան մագիստրոսական անվճար կրթություն ստանալու «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին