Հաշվետվություններ, ուսումնական գործընթացին վերաբերող որոշումներ և մի շարք այլ հարցեր՝ ՀՊՏՀ 2015թ գիտխորհրդի առաջին նիստում

Դիտումների քանակ՝ 1197

«Համալսարանի 2014թ. գիտահետազոտական գործունեության արդյունքների և 2015թ. խնդիրների մասին» հարցի զեկուցմամբ այսօր սկսվեց ՀՊՏՀ 2015թ. գիտական խորհրդի առաջին նիստը: Ծավալուն հաշվետվությամբ հանդես եկավ համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով 2014թ. համալսարանում գիտական գործունեության գլխավոր նպատակին միտված հիմնական գործընթացներին, ներկայացրեց համալսարանի գիտական ներուժը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը՝ շեշտադրելով, որ դրանք դիտարկվում են ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, գիտաուսումնական խմբերի և ամբիոնների շրջանակներում: Պրոռեկտորը խոսեց գիտական հրապարակումների՝ այդ թվում միջազգային ամսագրերում, գիտության ֆինանսավորման մասին՝ ընդգծելով, որ 2014թ 2013թ համեմատ այդ ֆինանսավորումն ավելացել է: Գագիկ Վարդանյանն անդրադարձավ նաև առկա հիմնախնդիրներին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման գործընթացում համալսարանի ներուժը լիարժեք չի իրացվում, թերի է տնտեսության մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, փոքրաթիվ են տնտեսագիտության բնագավառի վերջին նվաճումների հիման վրա ստեղծված մենագրությունները, դասագրքերը և ուսումնական ձեռնարկները, անհամաչափություն է նկատվում ամբիոնների գիտահետազոտական  ակտիվության և գիտական հրապարակումների առումներով և այլ: Վերջում պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց համալսարանական մի շարք ստորաբաժանումների՝ գիտական գործունեության պատշաճ  իրականացմանն աջակցելու համար: Գիտխորհուրդը ներկայացված հաշվետվությունն ընդունեց ի գիտություն:

Ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտխորհրդի 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց:

Համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «Հեռակա ուսուցման բակալավրիատում կիսամյակի ընթացքում պարապմունքներին 25 տոկոսից ցածր հաճախումներ ունեցող և ամփոփիչ ստուգմանը չներկայացող ուսանողներին հեռացման կարգը հաստատելու մասին» հարցը: Գիտխորհուրդը քվեարկությամբ որոշում ընդունեց հեռակա ուսուցման բակալավրիատում կիսամյակի ընթացքում պարապմունքներին 25 տոկոսից ցածր հաճախումներ ունեցող և ամփոփիչ ստուգմանը չներկայացող ուսանողներին, որպես կարգապահական խախտում կատարողների, հեռացնել՝ թույլ չտալով մասնակցել վերահանձնումներին: Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց նաև «Մագիստրատուրայում հաճախումների և ընթացիկ ակտիվության միջև կապ սահմանելու մասին» հարցը, որը ևս հաստատվեց: Նշված երկու հարցերի որոշումներն ամբողջությամբ առաջիկայում կհրապարակենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Քննարկվեցին և հաստատվեցին թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավար նշանակելու թույլտվություն ստանալու համար ԲՈՀ-ին միջնորդելու մասին հարցեր, ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր:

Գիտխորհրդի որոշմամբ փակ, գաղտնի քվեարկության դրվեցին բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մկրտումյանին պրոֆեսորի, լեզուների ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Զուխրա Երվանդյանին, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ազատ Քալանթարյանին, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Ալեքսանյանին և վիճակագրության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Նարինե Ենգիբարյանին դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցերը: Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ, որոշեց նշված անձանց գիտական կոչումներ շնորհելու հարցով միջնորդել ԲՈՀ-ին:

Գիտական խորհուրդը նաև հրատարակության երաշխավորեց մակրոէկոնոիմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տիգրանյանի «Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում», նույն ամբիոնի ասիստենտ Շուշան Հարությունյանի «Միջազգային զբոսաշրջություն» մենագրությունները, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արա Բեննեյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Գալոյանի «Գծային հանրահաշվի խնդիրներ» ժողովածուն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին