ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով հաղթանակ է տարել առաջատարի նկատմամբ
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության ֆուտզալի 2014-2015թթ. առաջնության 7-րդ տուրի հերթական խաղում Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել առաջատար «Մռավ» թիմի նկատմամբ. այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:
«Երեկվա խաղում արձանագրելով գերազանց արդյունք՝ ՀՊՏՀ թիմը բարելավել է իր դիրքերը և այժմ 2-րդ հորիզոնականում է: Նշեմ, որ մեր տղաները զուգահեռաբար նախապատրաստվում են նաև ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնությանը, որը կայանալու է օգոստոսին: Մեր թիմը գտնվում է բավականին լավ մարզավիճակում, մարզիչն է Հայաստանում ֆուտզալի լավագույն մասնագետներից մեկը՝ Կարեն Միքայելյանը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Ամբիոնի ղեկավարի փոխանցմամբ՝ 2014-2015թթ. ֆուտզալի առաջնությունը կեզրափակվի գարնանը:
Շնորհավորում ենք մեր թիմին, առաջիկա խաղերում՝ մաղթում հաղթանակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին