ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը. համալսարանի գործունեությունը հավանության արժանացավ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ բուհի խորհրդի նիստը՝ ՀՀ վարչապետ, համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, խորհրդի անդամներ, բուհի պրոռեկտորները, դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2015թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» հաշվետվությունը՝ տեղեկացնելով, որ համալսարանի տարեկան հաշվետվությունը ներկայացվել և հավանության է արժանացել նաև գիտխորհրդի ընդլայնված նիստում: Ռեկտորը խորհրդի նիստում ներկայացրած հաշվետվությամբ անդրադարձավ համալսարանի ուսումնական և ուսումնամեթոդական, գիտահետազոտական, միջազգային գործունեությանը, հասարակայնության հետ կապերին, ուսումնադաստիարակչական և ֆիզիկական դաստիարակությանն ուղղված աշխատանքներին, տնտեսական գործունեությանը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ կրթության գործընթացը համալսարանում նպատակաուղղված է աշխատաշուկայում մրցունակ, մասնագիտական և ընդհանրական գիտելիքով, հմտություններով և կարողություններով օժտված, երկրի սոցիալ-տնտեսական պահանջմունքներին և ազգային առանձնահատկություններին համապատասխան, բարձր որակավորմամբ կադրերի պատրաստմանը: Ինչպես ներկայացրեց համալսարանի ղեկավարը՝ ուսման առաջադիմությունը նախորդ տարիների համեմատ դրական տեղաշարժ է գրանցել առկա բակալավրիատում, սակայն հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում այս առումով վիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ:
«Որակի ապահովման համակարգի ստեղծմամբ և զարգացմամբ, համալսարանում ձևավորվում է բարեփոխումների մի շրջանակ, որը նպաստելու է բուհի կարողությունների վերլուծությանը, արժևորմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև վարչական, ֆինանսական և ուսումնական գործունեության բարելավմանը»,-ասաց ռեկտորը: Առանձնահատուկ կարևորությամբ ընդգծվեցին ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությունը, միջազգայնացման գործընթացները, բուհի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառների անցկացումը, միջազգային կապերը, Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը, հասարակայնության հետ կապերի ամրապնդումը, «Տնտեսագետ» հրատարակչության գործունեությունը և մի շարք այլ հարցեր: Համապարփակ հաշվետվությամբ Կորյուն Աթոյանն անդրադարձավ համալսարանի գործունեության բոլոր ուղղություններին, ներկայացրեց ձեռքբերումները, առկա խնդիրները, 2014թ. բյուջեի կատարման արդյունքները, նաև 2015թ. համալսարանի բյուջեն: Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ համալսարանի ղեկավարությունը և աշխատակազմը ջանքեր չեն խնայել 2014թ. համալսարանի առջև դրված խնդիրները լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմակայելու և զարգացում ապահովելու համար: «Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014 թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը», -ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ միջազգայնացման ճանապարհին կարևոր էր Բրիտանական բիզնես դպրոցի բացումը, բուհի ընդգրկումը Տեմպուսի ծրագրերում: Անդրադառնալով գիտահետազոտական կյանքին՝ վարչապետն ընդգծեց. «Նոր որակ է ստացել համալսարանի գիտահետազոտական կյանքը: «Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է նոր հետազոտությունների շարք, որոնց թեմաներն իմ հանձնարարությամբ առաջարկել են ճյուղային նախարարությունները: Վստահ եմ, սա ավելի կբարձրացնի հետազոտությունների որակը, և կենտրոնի հեղինակությունը»: Շեշտելով, որ Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման հիմնախնդիրները, Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց. որ որակյալ տնտեսագետներ պատրաստող հայաստանյան ամենամեծ բուհն իր գործունեությամբ հաշվետու տարվա ընթացքում նոր հաջողություններ է արձանագրել: Ելույթի ավարտին վարչապետը համալսարանի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին նոր հաջողություններ մաղթեց 2015թ.:
ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ քվեարկության դրվեց և հավանության արժանացավ ՀՊՏՀ 2014թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությունը, ՀՊՏՀ 2014թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատվեցին բավարար, հաստատվեց ՀՊՏՀ 2015թ. բյուջեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին