ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Դիտումների քանակ՝ 1237

Սիրելի գործընկերներ, ուսանողներ, մեր սիրելի կրթօջախի հարգարժան ղեկավարը, չխախտելով բարի ավանդույթը, տարեմուտի շեմին ձեզ է հղել բարեմաղթանքի իր խոսքը, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ

Եվս մեկ օրացուցային տարի հասավ իր եզրագծին: Եվս մեկ տարի ձեզ հետ աշխատեցինք համախմբված ու սիրով: Տարեվերջի ու տարեսկզբի այս սահմանագծին բոլորս էլ հետ ենք նայում ու վերլուծում 2014 թվականի անցուդարձերը, մեր աշխատանքային ու անձնական հաջողությունները, մեկ տարվա չափման մեջ հիշում ենք մեր արածն ու չարածը, ապրածն ու չապրածը ու կառուցում ենք գալիք ժամանակաշրջանի ծրագրերը:

Ամանորն ընտանեկան տոն է, և ընտանեկան հարկի տակ, հարազատ ու սիրելի մարդկանց հետ նշելու հատուկ պատրաստության ու տոնական անակնկալների ավանդույթն այն դարձնում է սպասված ու խորհրդանշական: Անում ենք ամեն ինչ, որ լավ սկիզբը նշանավորի բարեհաջող ընթացք:

Ճակատագրի բերումով մեր համալսարանը մեզ համար դարձել է երկրորդ ընտանիք, երկրորդ տուն: Ինչպես յուրաքանչյուր համերաշխ ընտանիքում, այստեղ էլ մեզ միավորում են առօրյա խնդիրները, ընդհանուր նպատակներն ու երազանքները: Բոլորս ուզում ենք կայացած տեսնել մեր համալսարանը՝ուսումնական գործընթացով, որում դասախոսը ձգտում է լավ դասավանդել, ուսանողը՝ առավելագույնս շատ բան սովորել, տարեցտարի թողարկվող բանիմաց շրջանավարտներով, որոնք ամենուրեք բարձր են պահում իրենց ու համալսարանի պատիվը, զարգացող ենթակառուցվածքներով ու բարեկարգվող միջավայրով, որտեղ արդյունավետ ու հաճելի է աշխատելը և սովորելը: Սա է մեր առաքելությունը, և դրան են նպատակաուղղված մեր ամենօրյա քայլերը:

Սիրելի բարեկամներ, որպես համալսարանի ղեկավար, ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք իրոք որդեգրել ենք ձեռքբերումների ճանապարհ, մեր հաջողությունները տեսանելի ու շոշափելի են նաև այս մեկ տարվա կտրվածքով: Սակայն չպետք է բավարարվենք ձեռքբերածով, պետք է առաջ ընթանանք նոր գաղափարներով ու նախաձեռնություններով, այդ ճանապարհն անցնենք աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Ուստի մեծ է իմ ցանկությունը բոլորիդ տեսնել առողջ, կենսախինդ ու անսպառ եռանդով լի: Թող յուրաքանչյուրիդ կյանքը լինի սիրով լեցուն ու բարեկեցիկ:

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք:

Շնորհավոր նոր` 2015 թվական:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ