Կայացավ «Արտահանման ներուժի իրացում» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1588

Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հերթական շնորհանդեսն էր՝ թվով 6-րդը. կայացավ «Արտահանման ներուժի իրացում» խմբի շնորհանդեսը՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

«Արտահանման ներուժի իրացում» գիտաուսումնական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը, կազմն է՝ ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյան, ասպիրանտ Արաքս Աբրահամյան, մագիստրանտներ  Տաթևիկ Վարդանյան և Հերմինե Կատվալյան: Սույն խմբի աշխատության թեման է՝ «ՀՀ արտահանման ներուժի իրացման լոգիստիկ հիմնախնդիրները»:

Գրիգոր Նազարյանը ամփոփ ներկայացրեց գիտաուսումնական խմբի աշխատանքը, անդրադարձավ նպատակներին և խնդիրներին, ուսումնասիրության առանցքներին, ակնկալվող արդյունքներին և այլն: Խմբի ղեկավարը ներկայացրեց նաև Հայաստանի լոգիստիկ միջավայրը և նշեց, որ լոգիստիկ արդյունավետության համաթվով Հայաստանն աշխարհում 92-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 90-րդը, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրներում հիմնախնդիրները այս միջավայրում գրեթե նույնն են:

Հաջորդիվ զեկուցումներով հանդես եկան մագիստրանտներ Տաթևիկ Վարդանյանը և Հերմինե Կատվալյանը՝  անդրադառնալով լոգիստիկ արդյունավետության համաթվի բաղադրիչներին 2014թ. ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրներում, ՀՀ արտահանման, ինչպես նաև ներմուծման  աշխարհագրական կառուցվածքներին (2007-2013թթ.), ներմուծման, ՀՀ ՀՆԱ-ում արտահանման և արտաքին առևտրաշրջանառության կշիռներին և այլն: Թեմային առնչվող վերլուծություններով հանդես եկավ Դավիթ Հախվերդյանը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ դիտարկումներով ու նկատառումներով: Ամփոփելով սեմինարը՝ պրոռեկտորը նշեց. «Գիտաուսումնական խմբերի շրջանակներում հետազոտությունների կատարումը ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է թե' դասախոսների, թե' ուսանողների համար: Հարցադրումներն ու քննարկումները պետք է տանեն այն բանին, որ ստեղծվի փորձագիտական հարթակ: Առհասարակ, գիտաուսումնական խմբերի գործունեության արդյունքում պետք է ձևավորել  գիտական մշակույթ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին