ՀՊՏՀ երեք ուսանողներ՝ 15-րդ մարզական խաղերի լավագույն մարզիկներ

Դիտումների քանակ՝ 1155

Դեկտեմբերի 20-ին կայացել է  Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի հաղթողների պարգևատրումը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երեք ուսանող-մարզիկներ՝ ֆուտզալի հավաքականի անդամ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 3-րդ կուրսի (հեռակա) ուսանող Կարեն Անդրեասյանը, նույն ֆակուլտետի ուսանողուհի, հրաձգության առաջնության հաղթող  Էլմիրա Կարապետյանը և ֆինանսական ֆակուլտետի  4-րդ կուրսի ուսանող, աթլետիկայի առաջնության հաղթող Արթուր Մուրադյանը պարգևատրվել են «Լավագույն մարզիկ» անվանակարգում:

Հիշեցնենք, որ  հանրապետական ուսանողական 15-րդ մարզական խաղերին մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 21 բուհերի ավելի քան 3000 ուսանողներ, 9 մարզաձևից անցկացվել է 12 առաջնություն։ Խաղերը կազմակերպվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳ նախարարության  և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցությամբ: Այս տարի ՀՊՏՀ-ն թիմային հաղթանակ է արձանագրել ֆուտզալի և հրաձգության առաջնություններում, ինչին ավելի մանրամասն անդրադարձել ենք նախորդիվ:

Հայտնելով մրցույթի ամփոփման արդյունքները՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուրախությամբ փաստեց, որ մեր բուհը 15-րդ մարզական խաղերում հաղթանակներ արձանագրած 5 բուհերից է: Ամբիոնի ղեկավարը նշեց նաև, որ առաջիկայում շատ անելիքներ կան:

«Այս տարի ունեցանք բավականին ուշագրավ արդյունքներ: Ցանկանում եմ նշել, որ կան մարզաձևեր, որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք եկող առաջնություններում հաջող հանդես գալու համար. ՀՊՏՀ-ն սեղանի թենիս, շախմատ և վոլեյբոլ մարզաձևերում հաջող փորձ ունի, սակայն այս տարի տվյալ մարզաձևերում հաղթանակներ չունեցանք: Եկող տարի Երևանում կայանալու է շախմատի համալսարանական եվրոպական առաջնությունը, ուստի պետք է ուշադրություն սևեռենք նաև շախմատի վրա, որպեսզի այս առաջնությունում հաջող հանդես գանք: Փորձում ենք բուհում զարգացնել նաև հանդբոլ, բասկետբոլ մարզաձևերը»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս օրերին կազմակերպել է 15-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողներների ծաղկաձորյան հանգիստը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մաղթում նորանոր  նվաճումներ:

Հ.Գ. Լուսանկարում՝  ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը  և հրաձգության առաջնության մասնակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին