Արդյունավետ գործունեություն հնարավոր է իրականացնել միայն լավագույն կադրերով. ՀՊՏՀ-ի ու «Հայբիզնեսբանկի» համագործակցությունը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 1178

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի այսօրվա ռեկտորատը հյուրեր ուներ. համալսարանում էին «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանն ու տեղակալ Մանվել Սահակյանը, ովքեր եկել էին կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու լավ սովորող, սոցիալապես անապահով ՀՊՏՀ 3 ուսանողների:

Ներկայացնելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց փոխգործակցության համար, ապա հայտնեց, որ Տնտեսագիտական համալսարանը համագործակցության պայմանագիր ունի Հայաստանի բանկերի միության հետ, առանձին բանկերի հետ էլ իրականացնում է առանձին համագործակցություն: «Առանցքում գործատուների պահանջներին համապատասխան, աշխատաշուկային անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստումն է, ինչում շահագրգռված ենք ոչ միայն մենք, այլև գործատուներն այն իմաստով, որ լավագույն կադրերով է հնարավոր միայն կազմակերպել արդյունավետ գործունեություն, արդյունավետ աշխատանք»,-ասաց համալսարանի ռեկտորն՝ ընդգծելով նաև համագործակցությունը «Հայբիզնեսբանկի» հետ:

Կրթաթոշակի հավաստագրերը հանձնեց բանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը՝ նշելով, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում լավ սովորող ուսանողներին և մեծ հաճույքով են նրանց տրամադրում կրթաթոշակի քարտեր: Նա նաև հայտնեց, որ իրենք նոր առաջարկ ունեն համալսարանին, որի արդյունքում ապագայում հնարավոր կլինի մեր համալսարանի լավ ուսանողներին կոնկրետ գործընթացի արդյունքում ընդունել բանկ` աշխատանքի: «Շնորհակալություն համագործակցության համար, ինձ համար սա մեծ պատիվ է»,- նշեց բանկի վարչության նախագահը: Ի պատասխան՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց, ապա առաջարկեց առաջիկայում ավելի հստակեցնել համագործակցության խորացման հնարավորությունները, ապա հորդորեց՝ համալսարանի ուսումնական ծրագրերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ: Ռեկտորը նաև խոսեց բանկի լավագույն մասնագետներին մեր համալսարանում դասավանդման հնարավորություն տալու մասին:

Այնուհետև ռեկտորատն անցավ օրակարգային հարցերին: Դեկանները զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված ուսանողների ակադեմիական պարտքերի վերահանձնման 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների մասին:

Օրակարգով նախատեսված հաջորդ՝ ՀՊՏՀ-ի և Ռոստովի տնտեսագիտական համալսարանի միջև կրկնակի դիպլոմների տրամադրման ծրագրի մասին հարցը զեկուցեց համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը՝ նշելով, որ Ռոստովի տնտեսագիտական համալսարանը մեր համալսարանին է դիմել 3 մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմներ տալու առաջարկով, ապա ներկայացրեց գործընթացին առնչվող մյուս հանգամանքները: Ռեկտորատի անդամները քննարկեցին հարցին վերաբերող մանրամասները,  իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց հստակ ուսումնասիրել գործընթացի իրականացման կարգավորման հիմքերը, հնարավորությունները, այլ համալսարաններում առկա փորձը, խնդրին առնչվող բոլոր հարցերը:

Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին